Չինաստանի Տյանցզին քաղաքում չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 50 և տուժել ավելի քան 700 մարդ, ավելի քան 3500 մարդ ստիպված է եղել բաց երկնքում ժամանակավոր ծածկի տակ գիշերել: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
Պայթյունների հետևանքները զգալի են եղել մի քանի կմ շրջանագծով, էպիկենտրոնից ոչ հեռու գտնվող բազմահարկ շենքերը վնասվել են և փլուզվել: Նաև հարյուրավոր մեքենաներ են այրվել:
Լրջորեն վնասվել է նաև նավահանգիստը, որտեղ գտնվում է պայթած պահեստը: BBC News-ի տեղեկացմամբ՝ այդ պահեստը պատկանում է Ruihai Logistics ընկերությանը, որը մասնագիտանում է թունաքիմիկատների փոխադրումների մեջ:
Առայժմ հայտնի չէ, թե կա՞ արդյոք քիմիական նյութերի արտահոսքի վտանգ: Պայթյունների պատճառը ևս դեռ պարզ չէ:
Ողբերգության զոհերի թիվը դեռ ճշգրտվում է:







































