Երեկ շատ ուշադիր լսեցի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հարցազրույցնը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռեվոլյուցիա» հաղորդման շրջանակներում: Տպավորությունս, մեղմ ասած, հիասթափեցնող էր:
Ռոբերտ Նազարյանը հայտարարեց հետևյալը.
Ա) Էլեկտրաէներգիայի միջին մանրածախ սակագինը կբարձրանա 6.9-7 դրամով։
Բ) Էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով բարձրացման ՀԷՑ-ի հայտի մեջ 7 դրամը էլեկտրաէներգիայի գնման գնի բարձրացումն է, իսկ 10 դրամը ՀԷՑ-ի մարժայի բարձրացումն է։
Գ) Որ իրենք չեն կարող այս տարվա սակագնի մեջ չներառել այն 37 մլրդ վնասը, որը նախորդ տարիներին կրել է ՀԷՑ-ը սակավաջրության, դոլար/դրամ փոփոխված փոխարժեքի, ԱԷԿ-ի նախատեսվածից ավելի երկար ժամանակ կանգնած լինելու պատճառով։
Դ) Սակագնի վրա ամենամեծ ազդեցություն ունի ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքի կտրուկ փոփոխությունը։
Ե) Այս բարձրացումն անհրաժեշտ է, որպեսզի ՀԷՑ-ը կարողանա իր վարկերը սպասարկել, քանի որ հիմա այն գերծանրաբեռնված է վարկերով և ունի վարկերն ու այլ պարտավորությունները սպասարկելու խնդիր:
Ի՞նչ է ստացվում: ՀԷՑ-ը դիմել է ընդամենը 25.3 մլրդ դրամի փոխհատուցման հայտով, որի փոխարեն մենք պատրաստվում ենք իրենց 37 մլրդ-ի փոխհատուցում տալ: Այդ 37 մլրդ-ը սակագնի գնի վրա ազդելու է 6.6 դրամով, որն ըստ էության նշանակում է, որ այն 7 դրամը, որով իրենք նախատեսում են ավելացնել ներկայիս գործող սակագինը, իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան 37 մլրդ դրամի փոխհատուցում նախորդ տարիների վնասների համար: Ստացվում է, որ եթե չլինեին այդ վնասները, ապա ՀԷՑ-ը հանգիստ կարող էր աշխատել նույն սակագնի պայմաններում՝ նույնիսկ այն պարագայում, երբ գնման սակագինը ավելացել է արդեն 7 դրամով:
Այսինքն՝ ՀԷՑ-ի մարժան, եթե փոխհատուցման գումարը հաշվի չառնենք, կիջնի 7 դրամով, ու դա ՀԷՑ-ին բավական է: Իսկ դա նշանակում է նաև, որ կարող էր բավականացնել նաև անցած ու նախանցած տարիներին, բայց ոչ միայն չի բավականացրել, այլև լրացուցիչ վնասների պատճառ է դարձել, որն այս տարի մենք պիտի փոխհատուցենք:
Ուրեմն այն դրույթը, որ 37 մլրդ-ը սակավաջրության, փոխարժեքի կամ ԱԷԿ-ի պարապուրդի հետևանք է, չի համապատասխանում իրականությանը, և մենք հիմա պետք է փոխհատուցենք ՀԷՑ-ի անարդյունավետ աշխատանքի պատճառով կրած վնասները, որի մասին ՀՀ Էներգետիկայի մասին օրենքում, որին հղում էր անում Ռոբերտ Նազարյանը, ոչ մի խոսք չկա:
ՀԷՑ-ի հայտում չկան նաև ՀԷՑ-ի հաշվեկշիռը, դրամային հոսքերի և եկամուտների ու ծախսերի հաշվետվությունները, ինչպես նաև առաջիկա մեկ տարվա կանխատեսումները պատշաճ տեսքով, առանց որի Ռոբերտ Նազարյանը չի կարող հետևություններ անել ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի մասին և հաշվի առնել դրանք: Նրա այն արտահայտությունը, թե հաջորդ տարվա սակագնի հաշվարկի ժամանակ հնարավոր է սակագնի իջեցում, եթե միջազգային վարկային պայմանագրերում նոր վճարումներ ի հայտ չգան, շոկային է և ցույց է տալիս ՀԾԿՀ ուսումնասիրությունների բացարձակ դիլետանտությունը: Ռոբերտ Նազարյանի ելույթը ոչ միայն չհամոզեց, այլև փարատեց այն փոքրաթիվ կասկածները, որ ՀԷՑ-ի հայտը հիմք չէ էլեկտրաէներգիայի սակագինը նույնիսկ 1 դրամով բարձրացնելու:









































