Առաջին անգամ Կասպից ծովում տեղի կունենան Ռուսաստանի և Ադրբեջանի նավերի համատեղ զորավարժություններ, որոնց կմասնակցի մոտ 10 նավ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությանը:
«Խորհրդակցությունների ընթացքում ռազմական պատվիրակությունների ներկայացուցիչները համաձայնության են եկել Կասպից ծովի կենտրոնական մասում 2015 թ. սեպտեմբերին «Կասպից ծովում ծովային տնտեսական գործունեության օբյեկտների պաշտպանությանն համատեղ գործողություններ» թեմայով զորավարժությունների անցկացման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամլո ծառայության տեղեկացմամբ՝ զորավարժությունների ընթացքում զինվորականները կմշակեն Կասպյան նավատորմի և Ադրբեջանի նավերի փոխգործակցության հարցերը «Կասպից ծովում նավագնացության և միջազգային ծովային գործունեության անվտանգությունն ապահովելու, ջրային և օդային թիրախների ուղղությամբ համատեղ հրետանային կրակոցների արձակման, վթարային նավին օգնություն ցուցաբերելու համար» և այլ համատեղ նավային զորավարժություններ: