Լիբիայում ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից եթովպացի քրիստոնյաների սպանությունը և նման այլ հանցագործություններ «ահաբեկչության անմարդկային դրսևորումներ են»՝ կիրակի հայտարարել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բեռնադետ Միհանը։
Նրա խոսքով՝ այն փաստը, որ ահաբեկիչները սպանել են այդ մարդկանց միայն հավատքի համար, ի ցույց է դնում նրանց դաժանությունը և ընդգծում Լիբիայում հակամարտության հրատապ քաղաքական լուծման անհրաժեշտությունը։
Միհանը հիշեցրել է, որ դարեր շարունակ տարբեր հավատքի ներկայացուցիչները խաղաղ գոյակցել են միմյանց հետ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ Սպիտակ տան ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ նրանք միասնական կլինեն ահաբեկիչների դաժանության դեմ դիմակայությունում, և որ ԱՄՆ-ը նրանց այդ հարցում կաջակցի։
Հաղորդվել է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները համացանցում տեղադրել են երկու խումբ մարդկանց սպանության տեսագրություններ։ Ծայրահեղականների պնդումներով՝ եթովպացի քրիստոնյաների մի խմբին ոչնչացրել են Լիբիայի հարավում, մյուսին՝ արևելքում։








































