Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրը նշվում է արդեն ավելի քան 16 դար, բայց սիրո տոները հայտնի են ավելի հին՝ հեթանոս մշակույթների ժամանակներից:
Տոնը կոնկրետ «մեղավոր» ունի՝ քրիստոնեական հոգևորական Վալենտինը: Այս պատմությունը թվագրվում է մոտ 269 թվականին, այդ ժամանակ Հռոմեական Կայսրությունը կառավարում էր
Կլավդիոս II-ը: Հռոմեական բանակը ռազմական արշավանքների համար զինվորների խիստ պակաս ուներ, և հրամանատարը համոզված էր, որ իր ծրագրերի գլխավոր թշնամին ամուսնություններն են. ամուսնացած լեգեոները կայսրության փառքի մասին ավելի քիչ է մտածում, քան թե ինչպես կերակրի ընտանիքին: Եվ կայսրը լեգեոներներին արգելում է ամուսնանալ:
Գտնվեց մի մարդ, որը, չվախենալով կայսեր զայրույթից, սկսեց գաղտնի պսակադրել լեգեոներներին ու նրանց սիրելիներին: Նա Վալենտին անունով հոգևորականն էր հռոմեական Թերնի քաղաքից:
Երբ կայսրն իմացավ այս մասին, որոշեց դադարեցնել նրա «հանցավոր գործունեությունը»: Վալենտինին մահապատժի դատապարտեցին: Ինքը՝ Վալենտինը, սիրահարված էր բանտապետի դստերը: Մահապատժից մեկ օր առաջ նա հրաժեշտի նամակ գրեց աղջկան, որտեղ պատմեց իր սիրո մասին, վերջում սոտորագրելով՝ «Քո Վալենտին»: Նամակը կարդացվել է նրա մահապատժից հետո:
Որպես քրիստոնյա տառապյալ, որը տանջվել է հավատի համար, Վալենտինը սրբացվել է կաթոլիկ եկեղեցու կողմից: Իսկ 496 թ. Հռոմի պապ Գելասիուս I-ը փետրվարի 14-ը հայտարարել է Սուրբ Վալենտինի օր:
Սուրբ Վալենտինի օրը սիրային նամակներ՝ «վալենտինկաներ» են գրում, այդ օրը ձգտում են ամուսնանալ: Համարվում է, որ այն կդառնա հավերժ սիրո գրավականը:
Անցյալ դարի սկզբին ամերիկացիների մոտ ընդունված էր հարսնացուին նշակարկանդակներ ուղարկել, որոնք բավական թանկ արժեին:
Ճապոնիայում այս օրը սկսել են նշել 30-ականներին, ամենատարածված նվերն այնտեղ շոկոլադն է:
Ֆրանսիացիների մոտ ընդունված է Սուրբ Վալենտինի օրը թանկարժեք զարդեր նվիրել:
Բրիտանիայում չամուսնացած աղջիկները փետրվարի 14-ին արթնանում են մինչև արևի ծագելը, կանգնում պատուհանի մոտ և նայում անցնող տղամարդկանց: Ըստ հավատալիքի՝ առաջին տղամարդը, որին նրանք կտեսնեն, հենց իրենց ճակատագիրն է:
Սաուդյան Արաբիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ այս տոնը պաշտոնապես արգելված է, ընդ որում՝ մեծ տուգանքների ահով:








































