Հայաստանում կրկին ֆինանսական ցնցում է: Թվում է՝ մի քանի օր առաջ կայունացած արժութային շուկան նորից կտրուկ ցնցում է արձանագրել, և դրամի կտրուկ արժեզրկում է տեղի ունենում: Ոչ մի կասկած չկա, որ գործ ունենք պարզապես Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող անկման մետաստազների հետ, որոնք, բնականաբար, առաջինը պետք է անդրադառնային հենց Հայաստանի տնտեսության վրա, որը վերածվել է Ռուսաստանի կցորդի:
Ըստ էության, մենք ականատես ենք լինում անկախության և ինքնիշխանության կորստի առաջին դրսևորումներից մեկին: Մի քանի օր առաջ Կենտրոնական բանկը՝ Հայաստանի, հայտարարություն տարածեց փոխարժեքի շուկայում արձանագրված ցնցումների վերաբերյալ՝ դրանք որակելով «ճշգրտումներ» (թեև հայտնի չէ՝ ով էր ճշգրտողը, եթե Հայաստանում, իբր թե, շուկան է կարգավորում փոխարժեքը, և լողացող կուրսի հետ գործ ունենք), իսկ վերջում էլ տեղեկացնելով, որ, իրենց կարծիքով, ձևավորված փոխարժեքը լավագույնս է արտացոլում և համարժեք է տնտեսական իրավիճակին ու արտաքին գործոններին:
Այդ ժամանակ փոխարժեքը կանգ առավ մեկ դրամի դիմաց 435 դոլարի սահմանում: Սակայն անցավ մի քանի օր, և ահա տեսնում ենք, որ շուկայում նորից «ճշգրտումներ» են տեղի ունենում, և դրամի արժեզրկումը նորից սրընթաց տեմպ է ստացել՝ արդեն հասնելով 445-450-ի: Ըստ որում՝ ոչ մի երաշխիք չկա, որ անկումը կանգ կառնի դրա վրա: Այսինքն՝ եթե մի քանի օր առաջ Կենտրոնական բանկը հայտարարում էր, որ կարծում են՝ ձևավորվել է օպտիմալ փոխարժեք, ապա այսօր պարզվում է, որ այդքան էլ այդպես չէ, ինչից էլ պարզվում է, որ Հայաստանում Կենտրոնական բանկ պարզապես չկա, այսինքն՝ բանկը չի տիրապետում իրավիճակին, և այսօր տեղի ունեցող զարգացումները, ըստ էության, լիովին հերքում են Կենտրոնական բանկի՝ մի քանի օր առաջ տարածած հայտարարությունը:
Ասել է թե՝ Հայաստանում մենք ականատես ենք լինում իրավիճակի, երբ պետական կարգավորիչ, պետական դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմինները բացարձակապես չեն տիրապետում իրադրությանը և իրենց հայտարարություններով, կամա թե ակամա, նույնիսկ մոլորության մեջ են գցում, ապակողմնորոշում են հասարակությանն ու բիզնեսին: Եվ դա անկախության կորստի, ինքնիշխանության, պետական սուբյեկտության կորստի առաջին դրսևորումներից է, որ մեզ սպառնում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը, քանի որ այդպիսով Հայաստանի տնտեսությունը և Հայաստան պետությունն ընդհանրապես վերածվում են ռուսական տնտեսության կցորդի, ռուսական պետության կցորդի, ինչն էլ նշանակում է Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների ինքնաբերաբար պրոյեկցիա Հայաստանի վրա: Այսինքն՝ այլ կերպ ասած, Ռուսաստանի վիճակն է որոշում, թե Հայաստանում ինչ վիճակ կլինի ֆինանսական շուկայում, ոչ թե Հայաստանի Կենտրոնական բանկը:
Եվ այդպես է լինելու շատ մոտ ապագայում Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում: Չի լինելու Կենտրոնական բանկ, չի լինելու տնտեսական մրցակցության պաշտպանություն կամ հանրային ծառայությունների կարգավորում, չի լինելու նախարարություն, կառավարություն: Դրանք բոլորը ստանալու են ֆիկտիվ բնույթ: Այսինքն՝ Հայաստանի կառավարման համակարգը չէ, որ կանխորոշելու է այս կամ այն իրավիճակը Հայաստանում, որոշելու է այս կամ այն ոլորտի վերաբերյալ քայլեր, լուծումներ և այլն: Դրանք կախված են լինելու նրանից, թե Ռուսաստանի տվյալ ոլորտում ինչ իրավիճակ ու զարգացումներ են:
Անկախության կորուստը, ԵՏՄ-ի մուտքի հետևանքը հենց սա է, և երևի թե ոչ ոք քաղաքացիներին ու բիզնեսին ավելի լավ չէր բացատրի ԵՏՄ անդամակցության հետևանքները, որքան դա այսօր անում է Հայաստանի ֆինանսական շուկան:









































