ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց՝ կապված ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հետ:
«Մենք պետք է լինենք անկեղծ և հասկանանք, որ այստեղ լրջագույն խնդիր կա: Օրինակ՝ շատերը իրենց չեն կարող թույլ տալ՝ լինելով ֆինանսների նախկին նախարար, իրենց կանանց դեկրետ ուղարկելիս տասնյակ միլիոնավոր դրամների գումար դուրս գրել, գործարքի մեջ մտնել տարբեր գործատուների հետ, անտրամաբանական հոնորարներ և հավելավճարներ ստանալով ու ոտնահարելով կանանց իրավունքը՝ ստանալ հսկայական գումարներ: Այստեղ կոռուպցիոն ռիսկ կա, քանի որ շատ արտոնյալներ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում գործարքի մեջ են մտնում գործատուների հետ՝ ստանալով բարձր աշխատավարձեր: Ֆինանսների նախկին նախարարի կինը ստացավ 20 միլիոն դրամ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նկատի ունենալով Դավիթ Սարգսյանի կնոջը:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ կան ռիսկեր, պարգևատրումներ, մեծ գումարներ կամ վերջին երկու ամիսներին աշխատանքի ընդունման փաստեր, ուստի նախարարի խոսքով՝ օրենսդրական առաջարկությունների հիմնական նպատակը այս խնդիրներին լուծում տալն է: Նա նշեց, որ հանրային քննարկումների ժամանակ հնչած առաջարկությունները գրեթե ամբողջությամբ քննարկել են, նախապատրաստում են վերջնական առաջարկությունները:
«Ինչ վերաբերում է բարձր նպաստներին, այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում նշեցինք, որ որևէ իրավական խախտում տեղի չի ունենում, այսինքն՝ այսօրվա օրենքն ընձեռել է հնարավորություններ, որ օրենքով սահմանված վարձատրությունները հաշվառվեն և դրա հիման վրա վճարվեն նպաստները»,- ասաց նախարարը:









































