ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի հետ հարաբերություններում կրկնում է իր նախորդ Ջորջ Բուշ կրտսերի ռազմավարությունը, գրում է The Wall Street Journal-ը: Թերթը նշում է, որ խոսքն Ուկրաինային և Վրաստանին ռազմական օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու մասին է: Ըստ պարբերականի՝ այդպիսի զգուշավոր մոտեցումը բնորոշ է և՛ Օբամայի, և՛ Բուշի վարչակազմերին:
2008թ. նախկին խորհրդային երկիրը, որի «խաղարկությունն» Արևմուտքի հետ հարուցեց Մոսկվայի պատասխան արձագանքը, ԱՄՆ Սպիտակ տնից ռազմական աջակցություն խնդրեց, բայց մերժվեց: Նման իրավիճակ եղավ Ուկրաինայի հարցում, գրում է թերթը՝ հավելելով, որ երկու դեպքում էլ Վաշինգտոնը զգուշություն է ցուցաբերում՝ չցանկանալով հրահրել Կրեմլին:
Սպիտակ տան նախկին և ներկա պաշտոնյաների խոսքով՝ Օբամայի և Բուշի վարչակազմերը, չնայած հաճախ տարբեր աշխարհայացքներին, նախընտրել են զգուշավոր քաղաքականություն վարել և փորձել են խուսափել Ռուսաստանի հետ այսպես կոչված՝ միջնորդավորված հակամարտությունից, ասվում է հոդվածում: