ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն (ԱԱՊ) իրականացրել է Հայաստանի ներդրումային դաշտի քարտեզագրում, որը կհրապարակվի մոտակա ամիսներին։ Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, հավաքվել են տարբեր ոլորտների, խոշոր, միջին ու փոքր ներդրումային ծրագրեր, որոնք ուղարկվում են եվրոպացի գործընկերներին: Հետաքրքրություն առաջացրած ծրագրերը նախատեսվում է քննարկել գարնանը Երևանում կայանալիք ներդրումային համաժողովում, որը կազմակերպվում է «Արևելյան ներդրումներ» եռամյա ծրագրի շրջանակներում: Այն ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում և ղեկավարվում է Եվրապալատի (Eurochambers) կողմից։
Ծրագրի նպատակն Արևելյան գործընկերության 6 երկրների ՓՄՁ–ների և գործարարությանն աջակցող կազմակերպությունների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) ներդրումային և առևտրային կապերի ընդլայնումն է՝ ԵՄ անդամ երկրների համապատասխան կազմակերպությունների հետ։ Ծրագրի միջոցով նախատեսվում են կարողությունների զարգացմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև երկկողմ գործարար կապերի ստեղծմանն ուղղված միջոցառումներ։
Ա. Վարդանյանը տեղեկացրեց, որ այս ներդրումային համաժողովը կապ չունի ԵՄ դոնորների համաժողովի հետ և կայանալու է անկախ դրանից: Նախատեսվում է 30-50 եվրոպական ընկերությունների մասնակցություն։ Ներկայացված ներդրումային ծրագրերի հիման վրա ԵՄ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատները կիրականացնեն պոտենցիալ ներդրողների հավաքագրում։ Համաժողովի ժամանակ հանդիպումներ կկազմակերպվեն հայ և եվրոպացի գործարարների համար, որի ժամանակ վերջիններս պայմանագրեր կնքելու և հետագա համագործակցության հարցերը քննարկելու հնարավորություն կունենան։







































