Դերասանուհի Սիեննա Միլլերը, ով 4 ամիս առաջ լույս աշխարհ է բերել իր դստերը` Մարլոուին, առաջին անգամ պատմել է, թե ինչպես է մայրությունն ազդել իր կյանքի վրա:
Նրա խոսքերով՝ իրեն դուր է եկել ծննդաբերել և հոգ տանել երեխայի համար, նա դեռևս չի ուզում դայակ վարձել, քանի որ ցանկանում է վայելել մայրության բերկրանքը:
«Անհավանական է, որ մարդ կարող է իր մեջ կյանք ստեղծել ու զարգացնել, այդ փոքրիկ աչքերը, մարմնի յուրաքանչյուր բջիջը` անհավանական են թվում,- ասել է Սիեննան «Harper’s Bazaar»-ին տված հարցազրույցում,- ես կարծում էի, որ նա իմ արտացոլանքն է լինելու, որովհետև ես եմ լույս աշխարհ բերել, բայց հետո ես հասկացա, որ նա առանձին անհատականություն է: Իհարկե, մեր կապը շատ սերտ է, բայց միևնույն է, նա բոլորովին ուրիշ մարդ է»:
Սիեննան նշանված է Մարլոուի հոր` Թոմ Ստտարիջեմի հետ. «Այժմ մեր ընտանիքում մենք երեքով ենք, մի կողմից դա հիանալի է, իսկ մյուս կողմից դժվար է: Մենք պատրաստվում ենք դայակ վարձել, բայց սկզբում ես ուզում եմ ինձ իսկական ծնող զգալ, քանի որ կարծում եմ՝ դա կարևոր է»:
Չնայած ծննդաբերությունը յուրաքանչյուր կնոջ մոտ տարբեր կերպ է ընթանում, սակայն դժվար է գտնել այնպիսի կնոջ, ով վայելել է այդ պահը, Սիեննան, թերևս, այդ կանանց ցանկում է: Նա ասում է. «Ես կվերապրեի այդ պահը միլիոն անգամ, յուրաքանչյուր օր: Ինձ ամեն ինչ դուր եկավ»:
Նախկինում Սիեննայի կազմվածքը ԶԼՄ-ների քննարկման սիրելի թեման էր, սակայն այժմ դերասանուհին ասում է, որ իր մարմնին սկսել է վերաբերվել բոլորովին այլ կերպ:









































