Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին, ինչպես նաև 35 հայտնի իտալացի քաղաքական գործիչներ և ձեռնարկատերեր ձերբակալվել են: Նրանց բոլորին կասկածում են շորթման, կաշառակերության և փողերի լվացման համար՝ հայտնում է La Repubblica-ն:
Ֆինանսական մեքենայությունները նրանք կատարել են MOSE բազմամիլիարդանոց նախագծի իրականացման ժամանակ: Նախագծի նպատակ է հայտարարվել Վենետիկի պաշտպանությունը ջրհեղեղներից:
Ընդհանուր առմամբ՝ MOSE-ի իրականացման կոռուպցիոն գործով անցնում է մոտ 100 քաղաքական գործիչ և գործարար: Պարբերականը նշում է, որ դատախազությունը գործով ձերբակալման օրդեր է արձակել պատգամավոր Ջանկառլո Գալանի համար: Նա նախկինում եղել է Վենետո շրջանի նախագահ, ինչպես նաև տաբեր ժամանակներում Բեռլուսկոնիի կառավարությունում գլխավորել է գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները:









































