Ուկրաինական հարձակումների ֆոնին՝ Ռոսավիացիան քաղաքացիական և պետական ինքնաթիռների համար Մոսկվայի օդանավակայանների մոտեցման առավելագույն թույլատրելի բարձրությունը 8550 մետրից իջեցրել է մինչև 4900 մետր։
«Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ դա թույլ կտա ինքնաթիռներին արագացված վայրէջք կատարել, սակայն, մասնագետների գնահատմամբ, միաժամանակ մեծացնում է թռչունների հետ բախման ռիսկերը։
Բացի այդ, Ռոսավիացիան արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի վրայով ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա ավիաընկերությունների համար, ինչի հետևանքով ինքնաթիռները ստիպված կլինեն շրջանցել մայրաքաղաքային օդանավակայանների շրջանները՝ ծախսելով լրացուցիչ 20-30 րոպե։
Ըստ աղբյուրների՝ այս սահմանափակումների նախաձեռնողը Պաշտպանության նախարարությունն է, և նոր կանոնները կարող են պահպանվել մինչև ռազմական գործողությունների ավարտը։








































