Ուկրաինան ոչ մի դեպքում Ռուսաստանին 1000 խորանարդ մետր գազի դիմաց 500 դոլար չի վճարի: Այս մասին Գերագույն ռադայի նիստին հայտարարել է կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը՝ փոխանցում է Censor.net-ը:
Նա հստակեցրել է, որ նման գինը քաղաքական է: «Եվրոպայում ոչ մի տեղ նման գին չկա: Եթե Ռուսաստանն Ուկրաինային դիտարկում է որպես կաթնատու կով, ապա խորապես սխալվում է»,- նշել է Յացենյուկը:
Նա նաև նշել է, որ եթե «Նավթոգազի» և «Գազպրոմի» բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն ձեռք չբերվի գազի տնտեսական գնի մասին, ուկրաինական կողմն անհապաղ կդիմի Ստոկհոլմյան արբիտրաժ:
«Մենք պատրաստ ենք վճարել: Միայն ոչ քաղաքական, այլ տնտեսական գին»,- հավելել է Յացենյուկը:








































