Հունիսի 1-ից Ռուսաստանը կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ՝ ելնելով դրանում ընդգրկված 15 անդամ-երկրների ռոտացիոն սկզբունքից: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Մեծ ուշադրություն կհատկացվի Մերձավոր Արևելքին: Մենք կքննարկենք մերձավորարևելյան կարգավորման ընթացքը, Եմենում և Լիբիայում ստեղծված իրավիճակները, քիմիական ապառազմականացման գործընթացը Սիրիայում, այդ երկրում մարդասիրական հարցերի հետ կապված վիճակը»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Կքննարկվեն նաև Կոտ դ’Իվուարի և Մալիի, ինչպես նաև Սահարա-Սահելյան տարածաշրջանի ընդհանուր իրավիճակը և Սուդանի ու Հարավային Սուդանի միջև փոխհարաբերությունները: Բացի այդ, նիստ կգումարվի նաև Աֆղանստանի իրավիճակի հարցով:
Հունիսի 11-ին Ռուսաստանը ծրագրում է բաց դեբատներ կազմակերպել՝ ՄԱԿ-ի խաղաղապահների վերաբերյալ նոր միտումների հարցերով:









































