Իրականացնելով անկանխիկ գործարքներ «Կոնվերսբանկի» քարտերով` քարտապանները կհավաքեն գոլեր և հնարավորություն կունենան շահելու «Կոնվերսբանկ»-ի գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված եռօրյա ուղևորություն դեպի Մադրիդ և հնարավորություն` 2013թ. մարտի 3-ին դիտելու էլ-կլասիկոն՝ «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» ֆուտբոլային խաղը: Այս մասին այսօր «Կոնվերսբանկ»-ում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Նա հավելեց, որ ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես ցանկացած գնման դիմաց վճարել «Կոնվերսբանկ»-ի «Վիզա» քարտով և յուրաքանչյուր 1000 դրամը գերազանցող գործարքի դիմաց վաստակել 1 գոլ: Ամենաշատ գոլեր հավաքած քարտապանն էլ կշահի ուղևորությունը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած քարտապանները կշահեն հեռուստացույցներ, իսկ մյուս 50 ակտիվ քարտապանները` սիրելի ֆուտբոլային ակումբների լոգոտիպով գնդակներ և վզկապներ:
Ըստ ակցիայի պայմանների՝ քարտապանի կողմից նույն օրվա ընթացքում միևնույն առևտրային կետից կատարած մեկից ավելի գործարքները կդիտարկվեն որպես մեկ գործարք և դրանց դիմաց կհաշվարկվի 1 գոլ: Ակցիան գործում է մինչև 2013թ. փետրվարի 1-ը:
Հավելենք նաև, որ «Կոնվերսբանկ»-ի քարտերը նաև մասնակցում են «Կոնվերս միավորներ» ծրագրին, երբ անկանխիկ գործարքներից կուտակվում են բոնուսային միավորներ, որոնք հետագայում ենթակա են փոխանակման տարատեսակ նվերների տեսքով: «Կոնվերս գոլ» ակցիային մասնակցությունը չի սառեցնում «Կոնվերս միավորներ»-ի կուտակումը, ինչը նշանակում է, որ ձեր քարտն աշխատում է` Ձեզ համար կրկնակի կուտակելով և միավորներ, և գոլեր:
Միևնույն ժամանակ «Կոնվերսբանկ»-ի քարտերը հնարավորություն են տալիս առևտրի և սպասարկման տարբեր կետերում օգտվելու զեղչերից:







































