«Առաջին լրատվական»-ի զրույցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը:
-Պարոն Հարությունյան, ի՞նչ կարծիք ունեք կառավարության նոր կազմի վերաբերյալ: Հաշվի առնելով որոշ նախարարների՝ նախկինում ծավալած գործունեությունը դրական փոփոխությունների հույսեր կարո՞ղ ենք կապել:
Քառյակը կառավարության փոփոխությամբ իր անելիքը կարծես ավարտած է համարում, ո՞րն է լինելու «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը՝ իրական փոփոխությունների հասնելու համար:
–Մինչև կառավարության հրաժարական տալու և նոր կառավարության ձևավորման գործընթացը և դրանից հետո էլ մենք շարունակում ենք հայտարարել, որ կառավարության փոփոխությամբ, ըստ էության, ոչ մի խնդիր չի լուծվում: Այսօր բոլոր որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում, և քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հիմնական խնդիրը պետք է լինի հասնել նրան, որպեսզի Բաղրամյան 26-ում թիվ մեկ աթոռին նստած մարդը հրաժարական տա: Մեր հիմնական խնդիրը պետք է սա լինի, իսկ թե կառավարությունում ովքեր կլինեն, ինչ պաշտոններ են նախկինում զբաղեցրել՝ խնդիր չի լուծում: Ի վերջո, այդ նույն կառավարությունը ձևավորում է քաղաքական մեծամասնությունը, ու այդ քաղաքական մեծամասնությունն ինքն է նշանակում իր վարչապետին, իր նախարարներին ու այստեղ այլ խնդիր, քան նախկին կառավարության առջև դրված խնդիրները, չի կարող լինել, որովհետև նույն քաղաքական ուժը ձևավորում է նույն կառավարությունը:
–Ասում եք, քաղաքական մեծամասնությունն է ձևավորում, բայց խորհրդարանական ընդդիմությանն էլ կարծես բավարարում է այս կառավարության նոր կազմը: Նրանցից Դաշնակցությունն, օրինակ, հայտարարեց, որ 10 տարի է՝ կար Հովիկ Աբրահամյանին վարչապետ դարձնելու հարցը: Ըստ էության իմանալով, թե ով է լինելու վարչապետ, միևնույն է, ձգտեցին այդ գործընթացին: Դուք այդպիսի տպավորություն ստացե՞լ եք:
–Դուք իրավացի եք, մենք այդ մասին հայտարարել ենք մինչև կառավարության հրաժարականը, երբ որոշ քաղաքական ուժեր հայտարարում էին կառավարության հրաժարականի մասին, մենք այդ վտանգների մասին խոսել ենք: Դրա լավագույն ապացույցը, թերևս, Ազգային ժողովի նախագահի ընտրություններն էին, երբ տեսանք, որ բացի քաղաքական մեծամասնությունից՝ նաև բազմաթիվ այլընտրանքային պատգամավորներ գնացին և «կողմ» քվեարկեցին Գալուստ Սահակյանի թեկնածությանը: Մենք տեսնում ենք, որ այստեղ խնդիր էր դրված ոչ թե որոշակի լուծումների հասնել, այլ կոնկրետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Տպավորություն է, որ Տիգրան Սարգսյանի հեռացմամբ Հայաստանի Հանրապետության հիմնական խնդիրները լուծվեցին:
-«Քաղաքացիական պայմանագրի» առաջին ասուլիսում էլ հայտարարվեց, որ մասնակցելու եք 2017-2018 թվականի ընտրություններին: Տեսակետներ կան, որ Հայաստանը մինչև այդ թվականը սպասել չի կարող: Գնալո՞ւ եք արտահերթ զարգացումների:
–Մենք թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հայտարարում ենք, որ մեր օրակարգում կա հերթական ընտրություններին մասնակցելը, բայց մենք չենք բացառում և հնարավորության դեպքում նաև ձգտելու ենք նրան, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենա իշխանափոխություն: Եթե ունենանք հնարավորություն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել է, որ որպես կառույց եթե տեսնի, որ ինքը կարողանում է լուծել այդ խնդիրը, ապա անմիջապես «Քաղաքացիական պայմանագիրը» դնելու է իշխանափոխության հարցը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ որևէ քայլի չենք գնալու, որը չենք կարողանալու իրականացնել և չենք հայտարարելու դրա մասին, մենք չենք ուզում կրկնել վերջին 25 տարիների ընդդիմության հարցը, երբ մարդկանց ոգևորում են, մարդկանց հանում են հրապարակ և չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ դա մեր հիմնական սկզբունքն է, որ եթե մենք հայտարարում ենք, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և այլևս չլինի ՀՀ նախագահ, ապա մենք դա պետք է իրականացնենք մեկ ամսվա ընթացքում․այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանն այլևս չպետք է նստի Բաղրամյան 26-ում:
–Ի՞նչ կասեք սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանի համար որքանո՞վ է հարմար: Ի՞նչ տպավորություն ունեք այդ ամենին երկրորդ նախագահի արձագանքի վերաբերյալ:
–Ես անկեղծ ասած՝ չեմ ուզում նախկին պաշտոնյաներին մեկնաբանել, որովհետև չեմ կարծում, որ այսօր կա դրա անհրաժեշտությունը: Այդ մարդը քաղաքական դաշտում չէ, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ նա տեղ չունենա քաղաքական դաշտում՝ հաշվի առնելով այն խայտառակությունները, որ տեղի են ուենցել նրա կառավարման տարիներին:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին, ապա «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր որևէ անհրաժեշտություն չի տեսնում սահմանադրական բարեփոխումների, որովհետև այն Սահմանադրությունը, որ ունենք, բավարարում է Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների լուծմանը:
Այլ հարց է, որ եթե վերցնենք Սահմանդրությունը՝ գործող իշխանությունները խախտել են Սահմանադրության գրեթե բոլոր կետերեը, եկեք մի պահ պատկերացնենք, որ ունենք այլ Սահմանադրություն և նույն վարչակարգը, որ նստած է Բաղրամյան 26-ում, շարունակելու է խախտել նաև բարեփոխված հոդվածները, դրա համար որևէ անհրաժեշտություն այս պահին չկա այն փոփոխելու, դա կապված է քաղաքական որոշակի մեքենայությունների հետ՝ վերարտադրվելու, իշխանության մնալու փորձ կատարելու կոնտեքստում:





































