Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոն, ով բոլորովին վերջերս էր ազատ արձակվել, նորից ձերբակալված է. այժմ էլ՝ ԱՄՆ-ում իր կարգավիճակի անորոշության պատճառով: Սպասվում է, որ նախկին վարչապետը Սակրամենտո քաղաքի մեկուսարանում կմնա այնքան, մինչև ԱՄՆ իշխանությունները որոշում կայացնեն նրա՝ երկրում մնալու օրինականացման կամ բռնարտաքսման վերաբերյալ։
Լազարենկոյի փաստաբան Դենիել Հորովիցը հայտարարել է, որ Terminal Island-ից ազատ արձակվելուց և իրավական ձևակերպումներն անելուց հետո իր պաշտպանյալին ամերիկյան իշխանությունները նորից կալանավորել են:
Պատճառը Լազարենկոյի անորոշ իրավական կարգավիճակն է ԱՄՆ-ում: Նա չունի ոչ գործող վիզա, ոչ քաղաքական փախստականի կարգավիճակ:
Լազարենկոն ԱՄՆ-ում անշարժ գույք ունի, այնտեղ են ապրում նրա կինն ու երեխաները, սակայն դա էլ բավարար իրավական հիմք չէ քաղաքական գործչի՝ Ամերիկայում մնալու համար։ Նա ներկայումս չունի ԱՄՆ-ում բնակության պաշտոնապես ձևակերպված իրավունք, ոչ էլ` գործող ուկրաինական արտասահմանյան անձնագիր (այդ փաստաթղթի ժամկետը 10 տարի է, իսկ Լազարենկոն ԱՄՆ-ում է 13 տարի):









































