Չինաստանի Հունան նահանգում դպրոցի զանգի պատասխանատու Սյաո Ուլոնը մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել քննության ավարտը ժամանակին չազդարարելու համար: 54-ամյա Ուլոնը սխալմամբ քննության ավարտը 4 րոպե 48 վայրկյան շուտ է ազդարարել, փոխանցում է Xinhua-ն:
Ուլոնի սխալի պատճառով դպրոցի 1050 բարձրդասարանցիներ մյուս դպրոցների աշակերտների համեմատությամբ անհավասար պայմաններում են հայտնվել: 2012-ի հունիսի 8-ին ավելի քան 9 մլն չինացի դպրոցական կարևորագույն քննություն են հանձնել քոլեջ ընդունվելու համար:
Երեխաների ծնողները մեղավորին պատժելու պահանջով դիմել են տեղի կրթության վարչություն և հասել նրան, որ գործին միջամտել է կառավարությունը:
Չինաստանում ազգային ընդունելության քննությունը կարևորագույն քննություն է բարձրդասարանցիների համար. դրա արդյունքներով պարզվում է, թե որ համալսարան կարող է ընդունվել դպրոցականը և ինչ մասնագետ կարող է դառնալ:









































