Ղրղըզստանի ընդդիմադիր «Ատա-Ժուրտ» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Կամչիբեկ Թաշիևին ձերբակալել են և 2-օրյա կալանքի ենթարկել` ուժով իշխանության զավթման փորձի կասկածանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով նրա փաստաբանին:
Չորեքշաբթի Բիշքեկի կենտրոնական հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասնակիցները փորձ էին արել ներխուժել խորհրդարանի շենք` անցնելով ցանկապատի վրայով: Հավաքվածները քարեր էին նետել ոստիկանների վրա: Ընդհանուր առմամբ հանրահավաքին մասնակցել էր մոտ 500 մարդ:
Անկարգությունների հետևանքով տուժել է 12 մարդ:
Անկարգությունների հետաքննման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական օպերատիվ-քննչական կոմիտե`Գլխավոր դատախազության, Ներքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության պետական հանձնաժողովի աշխատակիցներից:
Գործով որպես կասկածյալ են անցնում նաև «Ատա-Ժուրտ» խմբակցության պատգամավորներ Սադիր Ժապարովն ու Տալանտ Մամիտովը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Ղրղըզստանի քրեական օրենսգրքի 295 (հեղաշրջման փորձ) և 297 (հեղաշրջման հրապարակավ կոչ) հոդվածերով: Փաստաբանը նշել է, որ Թաշիևի դեմ դեռևս մեղադրանքներ չեն առաջադրվել:








































