Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ ժամը 18.30-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ԼՍ 427 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ճանապարհին՝ Վանաձոր քաղաքի մուտքի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:
Վթարի հետևանքով 4 տղամարդ մահացել են, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է:
Գ. Շամշյանը հայտնել է, որ մահացածներն են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Ղարագյոզյանը և Ավետիք Կուրղինյանը, ում տարիքն ու բնակության վայրը պարզվում է:
Գ. Շամշյանը հայտնել է, որ հիվանդանոցում մահացել են վթարի ենթարկվածներից ևս երկու հոգի՝ Արեն Կյուրղինյանը և Մայիս Ղանաղյանը: Մյուս վիրավորը Տիգրան Կուրղինյանն է:
Գ. Շամշյանը հայտնել է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի 40 տան բնակիչ Սպարտակ Սաֆարյանի անվամբ:
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզային վարչության օպեր-գծով տեղակալ Արամ Ղազարյանի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վահագն Հակոբյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով պատահարի բնույթը՝ տեղում է եղել նաև Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և դասակի հրամանատար Կարեն Բոյաջյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մինչև վթարը տեղի է ունեցել պայթյուն, սակայն դրա վերջնական պատասխանը կտա քննչական մարմինը:











































