ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու Միթ Ռոմնին հերքել է իր խորհրդականների այն խոսքերը, որ ինքն Օբամայից լավ է հասկանում անգլոսաքսոնական ժառանգությունը, որը միավորում է ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Նման հայտարարություն Ռոմնին արել է NVC-ին տված հարցազրույցում:
Ռոմնիի խոսքերով՝ ինքը չգիտի՝ իր խորհրդականներից ով կարող էր նման հայտարաություն անել: Նախկին նահանգապետի խոսքերով՝ Օբաման հասկանում է, որ ԱՄՆ- ը և Մեծ Բրիտանիան միավորված են հատուկ կապերով:
Հուլիսի 24-ին Ռոմնիի խորհրդականների անանուն հայտարարությունը հրապարակել էր բրիտանական The Daily Telegraph-ը: Նրանք պնդել են, որ Ռոմնին կբարելավի հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ, որոնք սառել են Օբամայի օրոք: Բացի այդ՝ խորհրդականները հայտարարել են, որ Ռոմնին Օվալաձև գրասենյակ կվերադաձնի Ուինսթոն Չերչիլի կիսանդրին, որն այնտեղից հանել է Օբաման:
Ռոմնին այժմ այցով Մեծ Բրիտանիայում է: Այսօր նա հանդիպել է վարչապետ Դևիդ Քեմերոնի և այլ բրիտանացի քաղաքական գործիչների հետ: Վաղը նա ներկա կլինի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը:









































