«Թիվ 1 Շուկա» ՍՊԸ-ն պետք է «Փակ շուկա»-ի վերակառուցման էսքիզային նախագծի լրամշակված տարբերակը ներկայացնի Մշակույթի նախարարություն: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին ՀՀ Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի գլխավոր մասնագետ Ալլա Սերոբյանը:
Նա տեղեկացրեց, որ հուլիսի 13-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում ներկայացվել է «Փակ շուկա»-ի վերականգնման էսքիզային նախագիծը և քննարկվել է, քննարկման ընթացքում կատարվել են դիտողություններ: «Նախագիծը նորից վերադարձվել է պատվիրատուին լրամշակելու, դիտողությունները, առաջարկություններն իրականացնելու: Այսինքն, դիտողությունները, առաջարկությունները նկատի ունենալուց հետո նորից ներկայացվելու են նախարարության քննարկմանը: Նորից խորհրդի նիստ կլինի, նորից կքննարկվի լրամշակված տարբերակը»,- մանրամասնեց Ալլա Սերոբյանը` ընդգծելով, որ նախագիծը դեռ ընդունված չէ:
Նկատենք, որ ենթադրելի է, որ չընդունված նախագծի դեպքում «Փակ շուկա»-ում «Թիվ 1 Շուկա» ՍՊԸ-ի կողմից շինարարության աշխատանքները դադարեցված պետք է լինեին, բայց, մի շարք ակտիվիստների պնդմամբ, աշխատանքներն իրականացվում են:










































