«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է դեպի Սիրիա երկրորդ չվերթը բացել, եթե կառավարությունն այդ հարցում աջակցի իրենց: «Մենք տեխնիկապես պատրաստ ենք, եթե կառավարությունը համապատասխան որոշում ընդունի: Առանց պետության միջամտությանʽ ավիաընկերությունն իրավունք չունի չվերթներ ավելացնել. դա կլինի միջազգային նորմերի խախտում»,- «Առաջին լրատվական»-ին ասացին «Արմավիա» ավիաընկերությունից:
Ըստ «Արմավիա»-ի՝ այդ հարցը պետք է անպայման պետական մակարդակով լուծվի, որովհետև անհրաժեշտ է նաև սիրիական կողմի համաձայնությունը չվերթների ավելացման հարցում: «Եթե սիրիական կողմը թույլ չտա, ավիաընկերության ինքնաթիռը չեն ընդունի, կգնա, օդում կմնա»,- ասացին «Արմավիա»-ից:
Սփյուռքի նախարարության սիրիահայերի հետ տարվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ «Արմավիա» ավիաընկերությունից ստացել են իրենց նամակի պատասխանը, որտեղ նշվում է նաև չվերթների ավելացման հարցը: «Իրենք ասում են՝ եթե պետությունն աջակցի, տոմսերի գնի մի մասը սուբսիդավորի, մենք պատրաստ ենք երկրորդ չվերթը բացել: Եթե պետությունը զգա, որ դրա անհրաժեշտությունը կա, միշտ էլ կգտնվեն դրական լուծումներ: Մենք հարցը դեռ քննարկում ենք»,- ասաց Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Լիբանանի պատերազմի ժամանակ պետության աջակցությամբ «Արմավիա»-ն հավելյալ չվերթ իրականացրեց այդ երկիր:
Նշենք, որ եվրոպական մի շարք երկրների ավիաընկերություններ ընդհանրապես դադարեցրել են իրենց չվերթները դեպի Սիրիա:







































