Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Հալեպում, բանակի գործողությունները վկայում են Բաշար Ալ-Ասադի վարչակարգի բարոյական քայքայման մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով երկրի հյուսիսում՝ Հալեպում, շարունակվում են զինված բախումները: Երեքշաբթի մարտեր են ընթացել քաղաքի կենտրոնում՝ Հալեպի Հին քաղաքի դարպասների մոտ: Բանակին դեռ հաջողվում է ընդդիմադիրներից պաշտպանել Հալեպի հյուսիսային թաղամասերը, որտեղ վերջին օրերին լարված մարտեր էին ընթանում:
«Մենք վստահության արժանի հաղորդագրություն ենք տեսել, որ վարչակարգը ծանր սպառազինւթյուն է կիրառում Հալեպի խաղաղ բնակչության նկատմամբ սարսափելի հարձակումներ իրականանցելու համար: Տանկերի և ինքնաթիռների օգտագործումը ցույց է տալիս Ասադի վարչակարգի խոր բարոյական քայքայումը»,- ասել է Քարնին լրագրողներին՝ մեկնաբանելով Սիրիայում տիրող իրավիճակը:
Քարնին նշել է, որ վարչակարգի մոտալուտ վախճանի մասին կարող է վկայել «Կիպրոսում և Արաբական Միացյալ էմիրություններում Սիրիայի դեսպանների փախուստը»: «Սիրիայի պաշտոնատար անձինք ցրվում են Ասադի ձեռնարկած զազրելի հարձակումներից հետո»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:









































