Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների հանդեպ դատավճռի վերաբերյալ լռություն է պահպանում Կոնգրեսի նորօրյա դաշնակիցը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Իհարկե, հնարավոր կլիներ ասել, որ ԲՀԿ-ն հանգստանում է, բայց երբ խոսքը վերաբերում է, օրինակ, Գյումրիի քաղաքապետի ընտրությանը կամ «Ժառանգության» դեմ հայտարարություններին, ապա ԲՀԿ-ն գտնվում է բավական աշխատունակ վիճակում: Իսկ ահա «Հարսնաքար»-ի դեպքի կամ Կոնգրեսի ակտիվիստների հանդեպ դատավճռի առումով «Բարգավաճ Հայաստանը» հանգստանում է, տեխնիկական խնդիրներ ունենում և այլն: Ընդ որում, ուշագրավ է նաև, որ Կոնգրեսի լիդերներն էլ, կարծես թե, առանձնապես չեն փորձում այդ հարցերում սկզբունքային պահանջկոտություն ցուցաբերել իրենց գործընկերոջից, թեև այլ քաղաքական ուժերի ու հանրային խմբերի հանդեպ ոչ միայն սկզբունքային են, այլ նաև բավական կոշտ, երբ չկա իրենց ակնկալած արձագանքը:
Իհարկե, այս ամենը հետաքրքրական է զուտ Հայաստանում «ժողովրդավարության համար պայքարի» տրամաբանության տեսանկյունից, որ վարվում է Կոնգրես-ԲՀԿ տանդեմով, և որի հիմնական առաքելությունն է դարձել ոչ թե ժողովրդավարությունը, այլ պարզապես տանդեմի կուրսից դուրս մնացող բոլոր խմբերին աջ ու ձախ վարկաբեկելը, դավաճան ու ծախու որակելը: Այդ տեսանկյունից, իրավիճակն ընդամենը ևս մեկ անգամ հաստատում է, թե ինչպիսի քաղաքական թատրոն է խաղարկվում պայքարի անվան տակ:
Միևնույն ժամանակ, Կոնգրեսը վաղուց արդեն չի կարող որևէ պահանջ ներկայացնել «Բարգավաճ Հայաստան»-ին: Առավելագույնը, որ կարող է անել, որ թույլատրված է Կոնգրեսին ԲՀԿ սահմանած շրջանակներում՝ նման դեպքերում ԲՀԿ-ի քայլերը չմեկնաբանելն է, ինչով էլ Կոնգրեսը զբաղված էր թե՛ «Հարսնաքար»-ի ստորագրահավաքի տապալման ժամանակ, թե՛ Կոնգրեսի ակտիվիստների գործի հանդեպ ԲՀԿ-ի լռության մասով, թե՛ Վահե Ավետյանի սպանության գործի վերաբերյալ գլխավոր դատախազություն ուղղված հարցաշարի մասով, որ կազմել են խորհրդարանական երեք խմբակցությունները՝ ՀՅԴ, «Ժառանգություն», Կոնգրես, և որին ԲՀԿ-ն չմիացավ՝ պատճառաբանելով, որ չի միանում այն նախաձեռնություններին, որում կա «Ժառանգությունը»:
Կոնգրեսն այդ ամենի վերաբերյալ ունի միայն չմեկնաբանելու արտոնություն, որովհետև ԲՀԿ-ն կարող է փոշմանել և խզել թեկուզ «գորգի» տակից անցնող կապերը Կոնգրեսի հետ, իսկ դրանից հետո արդեն Կոնգրեսը կհայտնվի մեղմ ասած «անկապ» վիճակում, որովհետև հանուն ԲՀԿ-ի հետ կապերի՝ Կոնգրեսը ներկայումս ինտենսիվորեն խզում է կապերը ցանկացած ուժի հետ, որը կհամարձակվի փոքր-ինչ կասկածի տակ առնել Կոնգրեսի կուրսի իմաստնությունն ու հանճարեղությունը: Ընդ որում, այս ամենը, կարծես թե, հենց ԲՀԿ-ի «իմաստուն» կուրսի արդյունք է, երբ «Բարգավաճ Հայաստանը» Կոնգրեսին չի թողնում նահանջի տեղ՝ նրա հետ գործակցելու, քաղաքական արենայում Կոնգրեսի ակտուալությունը պահելու դիմաց պահանջելով, որ նա աստիճանաբար խզի իր կապերը մյուս բոլոր սուբյեկտների հետ, որոնք առկա են ընդդիմադիր դաշտում: Եվ Կոնգրեսն արդեն զգալիորեն վճարել է ԲՀԿ-ի պահանջած այդ գինը:










































