DC Entertainment ընկերությունը հետաձգել է Բեթմենի մասին նոր կոմիքսի թողարկումը՝ սուպերհերոսի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ անցած հինգշաբթի տեղի ունեցած հրաձգության պատճառով, որի հետևանքով 12 մարդ էր զոհվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ընկերության հայտարարության համաձայն՝ Batman, Incorporated #3 կոմիքսի թողարկումը հետաձգվել է բովանդակության որոշ առանձնահատկությունների պատճառով: Մանրամասները չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ նման բովանդակությամբ կոմիքսը վաճառքի հանելը վերջին իրադարձությունների ֆոնին ճիշտ չէր լինի: Պատկերազարդող Քրիս Բերնհեմը հաստատել է, որ կոմիքսի առանձին հատվածներ շատ դաժան են:
Բեթմենի մասին նոր կոմիքսը պետք է վաճառքի հանվեր հուլիսի 25-ին: ԱՄՆ-ում կոմիքսի գրքային տարբերակն արժե 3 դոլար: Այն հնարավոր կլինի գնել միայն օգոստոսի 22-ից:
Բեթմենի մասին կոմիքսների հրատարակմամբ զբաղվող DC Comics ընկերությունը գտնվում է DC Entertainment-ի կազմում: Վերջինս իր հերթին գնվել է Warner Bros. Entertainment-ի կողմից:









































