Սիրիայի իշխնանությունները հայտարարել են, որ նշանակվել է հատուկ ծառայությունների՝ Պետական անվտանգության բյուրոյի նոր ղեկավար, հաղորդում է Agence France-Presse-ը: Այս պաշտոնը զբաղեցրել է գեներալ Ալի Մամլուքը, որը մինչ այդ գլխավորում էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ Անվտանգության գլխավոր վարչությունը: Մամլուքն այդ պաշտոնում կփոխարինի Դամասկոսում ահաբեկչության զոհ դարձած Հիշամ Իխթիյարին:
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Մամլուքը ստացել է աննախադեպ լիազորություններ: Մասնավորապես, նա կղեկավարի երկրի անվտանգության բոլոր ծառայությունները և նրա պաշտոնը կհավասարեցվի նախարարի պաշտոնին: Մամլուքը պատասխանատու կլինի միայն երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի առաջ:
Մինչ այժմ պետական անվտանգության հարցերում պատասխանատվությունը բաշխվում էր մի քանի նախարարությունների վրա: Այսպես, պաշտպանության նախարարությունը պատասխանատու էր ռազմական հետախուզության և հետախուզական ռազմաօդային ուժերի համար: ՆԳՆ-ն ղեկավարում էր Քաղաքական անվտանգության վարչությունը, իսկ Անվտանգության գլխավոր վարչությունն անմիջապես ենթակա էր նախագահին:
Մամլուքի նախկին պաշտոնը կզբաղեցնի Դիբ Զայթունը, որը մինչ այժմ զբաղեցնում էր Քաղաքական անվտանգության վարչության նախագահի պաշտոնը: Նրա նախկին տեղն էլ կզբաղեցնի Ռուստամ Ղազալին, ով նախկինում պատասխանատու էր Դամասկոսի պաշտպանության համար:











































