Այսօր կառավարությունը սահմանել է արոտավայրից և խոտհարքից օգտվելու կարգը, հաստատել դրանցից օգտվելու պայմանագրերի օրինակելի ձևերը։ Սահմանվել է, որ արոտավայրից և խոտհարքից օգտվելը ոչ թե հողօգտագործում է, այլ բնօգտագործում, որի համար պետք չէ կնքել հողի վարձակալության պայմանագիր, պետականորեն գրանցել վարձակալության իրավունքը և պայմանագրերը վավերացնել նոտարական կարգով։ ՀՀ վարչապետի խոսքով, այս որոշման ընդունմամբ կառավարությունն արմատական փոփոխություն է կատարում և գյուղացու համար ստեղծում որակապես նոր պայմաններ, քանի որ գյուղացին ազատվում է չորս վճարներից, ինչն զգալի գումար է, ինչպես նաև խնայում է տրանսպորտային ծախսերը։