Հոլիվուդյան ստուդիաները որոշել են հուլիսի 20-22-ին կինոհավաքների մասին տվյալները չհրապարակել առնվազն մինչև երկուշաբթի, որպեսզի ցավակցություն հայտնեն Բեթմանի մասին նոր «Սև ասպետ. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի ցուցադրության ժամանակ զոհվածներին: Այս մասին հաղորդում է համացանցային Hollywood.com պարբերականը:
Նման հայտարարություն առաջին անգամ արել է Warner Bros կինոընկերությունը, որն էլ հենց թողարկել է նշված ֆիլմը:
Sony Pictures-ը պաշտոնապես հայտարարել է, որ սգո օրերի ընթացքում կինոհավաքների մասին տվյալներ չի հրապարակի: Մյուս կինոընկերությունները միացել են նրանց նախաձեռնությանը:
Դրա հետ մեկտեղ, Ավրորայում տեղի ունեցածը բացասական ազդեցություն կարող է ունենալ ֆիլմի վաճառքի վրա: Եթե ֆիլմի ցուցադրության առաջին օրը այն հավաքել էր 74 մլն դոլար, ապա հանգստյան օրերին` ընդամենը 173 մլն դոլար:
Ինչպես նշում է գործակալությունը` Warner Bros-ը «Սև ասպետ. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի արտադրության համար ծախսել է մոտ 250 մլն դոլար, ևս մի քանի միլիոն դոլար` գովազդի համար:









































