Սիրիայի խոշոր և կարևորագույն քաղաք Հալեպում, որը համարվում է երկրի առևտրական մայրաքաղաքը, երկրորդ օրն անընդմեջ կատաղի ընդհարումներ են տեղի ունենում: Հազարավոր մարդիկ հատել են հարևան Լիբանանի հետ սահմանը` փախչելով երկրում բռնկված հակամարտությունից: ՄԱԿ-ի տվյալներով` վերջին օրերին Լիբանան են գաղթել ավելի քան 30 հազար սիրիացիներ: Այս մասին տեղեկացնում է The Washingtwon Post-ը:
Սիրիացիները հաստատում են, որ մայրաքաղաք Դամասկոսի փողոցներում տեղի են ունենում մարտեր: Նրանք վկայում են կառավարական ուժերի կողմից ուղղաթիռների ու տանկերի կիրառման մասին: Դամասկոսում արդեն սպառվում են հացի ու ջրի պաշարները:
Սիրիացի գաղթականների թվում է եղել 19-ամյա իրաքցի Դոմուն, որն ամուսնացած է սիրիացի տղամարդու հետ: Դամասկոսում սկսված մարտերը նրա կյանքը տակնուվրա են արել: Անցած կիրակի կինը տղա երեխա է լույս աշխարհ բերել Դամասկոսի հիվանդանոցներից մեկում: Սակայն 3 օր անց փոքրիկը մահացել է ինկուբատորում, երբ հարձակման հետևանքով էլեկտրականությունն անջատվել է: Զույգը ստիպված է եղել վերցնել դստերն ու հեռանալ:
Սիրիացի գաղթականներն իրենց դժգոհությունն են հայտնել Սիրիայի կառավարությունից, սակայն ոմանք, անգամ արդեն Լիբանանի տարածքում, հրաժարվել են քննադատություններ հնչեցնել` ասելով, որ Լիբանան են մեկնում հանգստանալու նպատակով: Նրանց խոսքով` իրադրությունը Սիրիայում կայուն է:
Չնայած միջազգային հանրության ճնշումներին ու 2011-ի մարտից ի վեր տեղի ունեցող հազարավոր սիրիացիների սպանդին` նախագահ Բաշար Ալ-Ասադը շարունակում է իշխանության ղեկին մնալ:




+











































