Կրթության և գիտության նախարարի 349-Ն որոշման համաձայն Միջազգային Ակադեմիական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը դադարեցնում է իր գործունեությունը: Սույն որոշումը ընդունվել է դեռևս 2011 թվականի դեկտեմբերի 8-ին, սակայն ուսանողների խոսքերով՝ իրենց այդ մասին տեղյակ են պահել միայն վերջերս:
«Մեր ուսումնական հաստատությունը տեղափոխում են Երևան, մենք տեղեկացվել ենք վերջին քննության ժամանակ: Հիմա մենք կանգնել ենք խնդրի առաջ, չենք կարող գնալ Երևան ուսանելու, քանի որ ֆինանսական խնդիրներ են առաջ գալիս»,- մեզ հետ զրույցում նշեց բուհի ուսանողուհին:
«Կառավարությունը չի մտածել այս օրենքի հետևանքների մասին. այն ոտնահարում է մարդու իրավունքները, 18 տարեկան քաղաքացու իրավունքը»,- նշեց Անժելա Խաչատրյանը:
Մասնաճյուղի ղեկավար Մելիսա Վանյանը մեզ հետ զրույցում նշեց.«Որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայ իրավունք չունեին նման բան անելու, մանավանդ, որ Գյումրին աղետի գոտի է համարվում: Միշտ ասում են, թե աղետի գոտին մոռացե՛ք, ինչպես մոռանանք, երբ, ասենք, 12 հոգու զրկում են իրենց ապրուստի միակ միջոցից»:
Ուսանողների կարծիքով՝ նախարարի այս որոշումը քաղաքական ենթատեքստ ունի: Ըստ ուսանողների՝ իրենց ուսումնական հաստատությունը մշտապես հարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Աշոտյանի որոշումը անօրինական համարող ուսանողները դիմում- նամակ են հասցեագրել Սերժ և Տիգրան Սարգսյաններին, ինչպես նաև Շիրակի մարզից ընտրված պատգամավորներին:
Պատասխան առայժմ չեն ստացել: