Իսրայելի իշխանությունները ազատ են արձակել Պաղեստինի ինքնավարության օրենսդիր ժողովի ղեկավար, «Համա » շարժման անդամ Ազիզ Դվեյքին: Այս մասին հաղորդում է «Մաան» գործակալությունը:
Ինչպես նշվում է, Դվեյքը պաղեստինյան կողմին է հանձնվել Բեյթ-Սիրա անցակետում: Նրա հետ միասին ազատ է արձակվել «Համաս»-ի ևս մեկ բարձրաստիճան անդամ` Ջաֆար Իզ-ադ-Դինը:
Ազիզ Դվեյքը ձերբակալվել էր հունվարի 19-ին` Երուսաղեմի և Ռամալայի միջև գտնվող Ջաբայի անցակետում, ահաբեկչական գործունեությանը մասնակից լինելու կասկածանքով: Արդյունքում Իսրայելի իշխանությունները նրան 6 ամիս կալանքի տակ պահեցին` առանց որևէ պաշտոնական մեղադրանք առաջադրելու:
Այս բանտարկությունը իսրայելական բանտում Դվեյքի համար առաջինը չէր: 2006 թվականին նա «Համաս»-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ձերբակալվել էր` ի պատասխան իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի առևանգման: Այդ ժամանակ Դվեյքը բանտում անցկացրել է 3 տարի և ազատ արձակվել 2009-ի հունիսին:
Նշենք, որ 2006-ի փետրվարից Դվեյքը զբաղեցնում է պաղեստինյան խորհրդարանի ղեկավարի պաշտոնը:









































