Սիրիացի ապստամբները հուլիսի 19-ին հայտարարել են, որ Հալեպի շրջանում` Թուրքիայի սահմանից ոչ հեռու տեղակայված Ազազ քաղաքի համար պայքարն ավատվել է իրենց հաղթանակով:
Նրանք հաղթանակի մասին հաղորդել են Youtube-ում տեղադրված հատուկ տեսանյութի միջոցով:
Տեսանյութի գլխավոր հերոսը, ով ներկայանում է որպես Սիրիական ազատ բանակի սպա, հայտարարում է, որ մարտի ընթացքում սպանվել են հակառակորդի բազմաթիվ զինվորներ և սպաներ, այրվել են նշանակալի քանակությամբ տանկեր:
Իր ասածն ապացուցելու համար սպան և նրան ուղեկցող տղամարդը օպերատորի հետ մի փոքրիկ էքսկուրս են կազմակերպում քաղաքի ավերված փողոցներով: Տեսանյութում երևում են խորհրդային արտադրության խփված տանկեր:
Տեսանյութում ելույթ ունեցողները հայտարարել են, որ վարչակարգի վերջն արդեն մոտ է և Բաշար ալ-Ասադին խնդրում են Ազազ ուղարկել մնացած տանկերը, որտեղ կառավարական զինամթերքի հետ վարվում են պատշաճ կերպով:
Ազազ քաղաքը տեղակայված է թուրքական սահմանի մերձակայքում, որտեղից, որոշ տվյալների համաձայն, սիրիական ապստամբներն ապահովվում են զենքով, մթերքով, կապի միջոցներով:
Տեսանյութի կադրերից երևում է, որ ապստամբները լավ զինված են, սակայն, ի տարբերություն լիբիացի ապստամբների, խնայում են փամփուշտը և ուրախությունից օդ չեն կրակում:









































