Ouya խաղային ապարատների ստեղծողներին հաջողվել է իրենց նախագծի համար ավելի քան 5 միլիոն դոլար հավաքել: Այսպիսով՝ Ouya-ն դարձել է Kickstarter կայքի խաղային բաժնի ռեկորդակիր: Այն զգալիորեն առաջ է անցել նախկին` առաջատար համարվող Թիմ Շերֆերի Double Fine Adventure խաղից, որը մարտի սկզբին հավաքել էր ավելի քան 3 միլիոն դոլար:
Android խաղային ապարատի արտադրության համար դրամահավաքը սկսվել էր հուլիսի սկզբին: Սկզբում Ouya-ի ստեղծողները ինտերնետ-օգտատերերից խնդրել էին 950 հազար դոլար, սակայն արդեն 8 ժամ անց հավաքված միջոցները գերազանցել են մեկ միլիոն դոլարը:
Ouya խաղային ապարատի արտադրությանն իր աջակցությունն է ցուցաբերել ավելի քան 40 հազար մարդ: Առավել խոշոր նվիրատվություններ կատարած անձինք իրավունք կստանան ապարատի թողարկումից հետո դրանց օրինակը ստանալ անվճար կամ չնչին գումարով:
Խաղային ապարատի հիմքում Tegra 3 պրոցեսորն է: Նախատեսված է, որ սարքը կունենա մեկ գբ օպերատիվ հիշողություն և 8 գբ ներքին հիշողություն: Այն կունենա USB և HDMI միակցիչ բնիկներ, ինչպես նաև Wi-Fi և Bluetooth մոդուլներ:









































