Բոլոր հետքերը տանում են Իրան: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսպես է մեկնաբանել հարձակումը, որը տեղի է ունեցել այսօր, հուլիսի 18-ին Բուրգասում: Նա նշել է, որ միայն վերջին ամիսների ընթացքում «մենք եղել ենք Թայլանդում, Հնդկաստանում, Վրաստանում, Քենիայում, Կիպրոսում և այլ երկրներում իսրայելցիներին վնաս հասցնելու Իրանի փորձերի վկան», այս մասին տեղեկացնում է «Կուրսոր»-ը:
«Արգենտինայում հրեական համայնքի շենքի վրա դաժան հարձակումից ուղիղ 18 տարի անց իրանական ահաբեկիչները կրկին հարձակվում են անմեղ մարդկանց վրա: Ամբողջ աշխարհը ենթակա է իրանական ահաբեկչական հարձակումների: Իսրայելը պատասխանում է իրանական ահաբեկչությանը ամբողջ ուժով»,- նշել է Իսրայելի վարչապետը:
Ավելի վաղ վարչապետը հայտարարել է, որ Նեթանյահուն կանցկացնի արտակարգ խորհրդակցություն Բուլղարիայում կատարված ահաբեկչության հետ կապված:
Նաև նշվում է, որ Իսրայելում վախենում են Իրանի իսլամական հեղափոխական կորպուսի կողմից վրիժառությունից և «Հեզբոլայի» ուժերի կողմից հարձակումից:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Բուրգաս քաղաքի օդանավակայանի մոտ պայթեցվել է իսրայելցի զբոսաշրջիկների աբտոբուսը: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ միջադեպի արդյունքում մահացել են 5-7 մարդ, ավելի քան 20-ը ստացել են վնասվածքներ: Ներկաները պատմում են, որ իսրայելցիներին սպասարկել է երկու ավտոբուս, որոնցից մեկը պայթեցվել է: Այնուհետև բոլոր զբոսաշրջիկներին տարհանել են դեպի տերմինալ, որտեղ նրանց վերցրել են հսկողության տակ: Իր հերթին շտապօգնության ծառայությունը` МАДА-ն տեղեկացրել է, որ Բուրգաս է ուղարկել հատուկ բժշկական անձնակազմ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայր են շտապել նաև ահաբեկչության դեմ պայքարի հատուկ մասնագետներ, որոնք մասնակցություն են ցուցաբերում հարձակման հետաքննության գործում:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Բուլղարիայի ՆԳՆ-ն Բուրգաս քաղաքի օդանավակայանի պայթյունը որակել է որպես ահաբեկչություն: Ավտոբուսի պայթյունի հետ կապված` օդային ճանապարհները փակված են, իսրայելցի զբոսաշրջիկների թռիչքները կկատարվեն Վարնա օդանավակայանից:









































