Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 31-ին կհրապարակի «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության և «Իրավունք» թերթի վեճով դատական ակտը:
Կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը, ինչպես հայտնի է, դիմել է դատարան` կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և ներողություն խնդրելու` «Իրավունք-Հետաքննություն» շաբաթաթերթին պարտավորեցման պահանջով, իսկ դատարանը երեկվա նիստում վերջապես հետազոտել է «Կյանքի խոսքին» և Անժելա Սարգսյանին վերաբերող խտասկավառակները, որոնցում ներկայացվել է դերասանուհի Անժելա Սարգսյանի և «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հնարավոր կապը:
Խտասկավառակները դիտելուց հետո դատարանը հեռացել է ապացույցների հետազոտման և դատական ակտ կայացնելու:
Հիշեցնենք, որ «Կյանքի խոսքը» դատարանում վիճարկում էր «Իրավունք» թերթի հոկտեմբերի 19-25-ի համարում տպագրված «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկե» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը: Կազմակերպությունը վիրավորական և զրպարտություն է համարում թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված կնոջ ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք»» արտահայտությունը (նաև ծաղրանք), իսկ հետևյալ նախադասությունները համարել է և՛ վիրավորանք, և՛ զրպարտություն.
«Անշուշտ, մենք առհասարակ չէինք անդրադառնա հայկական շոու-բիզնեսի այդքան բնորոշ անառակաբարո վարքագծին և, մասնավորապես, զազրելի պոռնոկադրերի թեմային, եթե չլիներ երկու հանգամանք: Առաջինը, որ պոռնոսկանդալի «հերոսուհի» Անժելա Սարգսյանը պատկանում է Հայաստանի խոշորագույն աղանդին` «Կյանքի խոսքին», որին պատկանում են նաև շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, և ավելին` այդ պատկանելությունը հաճախ նրանց առաջխաղացման նախապայմաններից մեկն է»:
«Կյանքի խոսքը» հասցված վիրավորանքի համար պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, ինչպես որ տեղադրվել էր հոդվածը, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը: Գումարային պահանջը մեծ չէ. հօգուտ «Կյանքի խոսքի» բռնագանձել պետական տուրքի գումարները` 8 հազար դրամ, ինչպես նաև թարգմանական և նոտարական ծախսերը` 15 հազար դրամ:
Երեկ դատարանում պատասխանող կողմի ներկայացրած ապացույցների թվում էր այն խտասկավառակը, որն ընդգրկում է տեղեկություններ «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանի գործունեության մասին: Դրանում մասնավորապես ներկայացվել է կազմակերպության ղեկավարի իտալերեն քարոզը, որտեղ վերջինս օգտագործում է «պոռնոաստվածուհի», «ծովի հրեշի որդիներ» բառերը, իսկ հավաքների ընթացքում նշում է, որ շնացել է, հարբել է, պետությունից գողություն է կատարել, ինչ պետք է եղել, այն էլ գողացել է և այլն:
Խտասկավառակում ներկայացվել է նաև դերասանուհի Անժելա Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա անձամբ խոստովանել է, որ հավատքով է հասել այն ամենին, ինչ հիմա ունի, ասել է, որ սովորել է «Աստվածաշնչյան դպրոցում», իսկ պատասխանողի պարզած տվյալներով՝ վերը նշված դպրոցը հենց «Կյանքի խոսք» եկեղեցուն է պատկանում:
Պատասխանող կողմը երեկ դատարանում ներկայացրել է նաև Անժելա Սարգսյանի նախկին կոլեգաներ Գայանե Ասլամազյանի և Անի Պետրոսյանը այն հայտարարությունները, թե իրենց նախկին գործընկերուհի Անժելան հաճախ է նշել, որ հավատքի է գնում: Սրան ի պատասխան՝ հայցվոր կողմը դատարանին ներկայացրել է խտասկավառակ, որում առկա է եղել «Կենտրոն» հեռուստաընկերության «Կռվախնձոր» հաղորդման ընթացքում Անժելա Սարգսյանի արած այն հայտարարությունը, համաձայն որի՝ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ չէ և հետաքրքրությունից դրդված է հաճախակի այցելել կրոնական կազմակերպության հավաքներին:
Ի դեպ, «Իրավունք» թերթը դատարանին է ներկայացրել նաև այն խտասկավառակը, որում դերասանուհու՝ ներկայումս կալանքի մեջ գտնվող նախկին զուգընկերոջ մայրը ևս հայտնում է, որ Անժելա Սարգսյանը մշտապես սպառնացել է իր որդուն, փորձել է ահաբեկել Կարենին իր թիկունքին գտնվող «Կյանքի խոսք» աղանդով:









































