Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքն ու երկրի վարչապետը պայմանագիր են կնքելու յուրաքանչյուր քաղաքացու հետ, որով պարտավորվելու են լուծել նրանց զբաղվածության, առողջապահական ապահովագրության և էլի սոցիալական մի շարք հարցեր: Սաակաշվիլին իսկապես լավ նախաձեռնությամբ է հանդես գալիս, որը, իհարկե, պայմանավորված է այդ երկրում սպասվող խորհրդարանի ընտրությամբ: Նախագահության երկրորդ ժամկետը ավարտող Սաակաշվիլին պետք է լուծի իշխանության փոխանցման հարցը, ինչը փորձում է անել խորհրդարանում յուրային մեծամասնության ձևավորմամբ՝ փորձելով մեծացնել խորհրդարանի ու վարչապետի դերը երկրի կառավարման գործում:
Սակայն այստեղ, իհարկե, արտահայտվում է շատ ավելի լայն մի խնդիր, որը հատուկ է ոչ միայն բարեփոխումների ճանապարհով լայնորեն առաջ ընթացող Վրաստանին, այլև բարեփոխումների մասին ակտիվորեն ճառող Հայաստանին և ընդհանրապես հետխորհրդային միջավայրին: Որքան էլ այդ միջավայրի տարբեր «էլիտաներ» փորձում են տարբեր կերպ առաջադեմ երևալ, և որքան էլ նրանցից որոշները իսկապես առաջադեմ քայլեր են կատարում, օրինակ՝ Վրաստանը, միևնույն է՝ կա ընդհանուր գիտակցական կամ ենթագիտակցական խնդիր բոլորի մոտ՝ սահմանադրականությունը:
Օրինակ՝ Սաակաշվիլիի առաջարկը հենց այդ խնդրի դրսևորում է, այն պարզ պատճառով, որ պետության որևէ պաշտոնյա քաղաքացու հետ որևէ պայմանագիր կնքելու և պայմանագրային պարտավորություն ստանձնելու անհրաժեշտություն չունի, քանի որ կա Գլխավոր պայմանագիրը՝ պետության և քաղաքացու, քաղաքացու և քաղաքացու ու հասարակական-քաղաքական, պետական կյանքի մնացյալ բոլոր սուբյեկտների միջև՝ Սահմանադրություն:
Սահմանադրությունը մեր բոլորիս պայմանագիրն է բոլորի հետ, որում ամրագրված դրույթները ենթակա են կատարման: Իսկ դրանում ամրագրված են բոլորի իրավունքներն ու պարտականությունները՝ սկսած շարքային քաղաքացուց, վերջացրած երկրի նախագահով: Հետևաբար, երբ առաջ են քաշվում քաղաքացիների հետ իշխանության փոխհարաբերության այլ իրավական ու բարոյական նորմեր, դա վկայում է Գլխավոր նորմի՝ Սահմանադրության անտեսման մասին: Սա է հետխորհրդային միջավայրի գլխավոր խնդիրը, և քանի դեռ այդ խնդիրը չի լուծվել, հետխորհրդային հասարակությունները միշտ գտնվելու են ականի վրա, և նրանց գլխին մշտապես կախված է լինելու մանիպուլյացվելու վտանգը:
Երբ չի լուծվում այդ խնդիրը, մնացյալ բոլոր բարեփոխումները անկարող են գտնել ամուր հասարակական հող, հետևաբար նաև անկարող են արմատ գցել հասարակության մեջ ու տարածվել՝ հաստատվելով հիմնովին: Ահա թե ինչու է գլխավոր խնդիրը հանդիսանում սահմանադրական գիտակցությունը, որովհետև դրանից բարեփոխումներ բխում են, սակայն ոչ միշտ է, որ բարեփոխումներից սահմանադրական գիտակցություն է բխում:
Խնդիրը տվյալ դեպքում, իհարկե, Սաակաշվիլիի և վրացիների փոխհարաբերությունը չէ, առավել ևս, որ շատ առումներով Վրաստանի նախագահը էապես փոխել է այդ փոխհարաբերության որակը և արդիականացրել դրանք: Բայց Սաակաշվիլին ու Վրաստանը թող լուծեն իրենց խնդիրները, իսկ օրինակը ընդամենը բավական պատեհ էր Հայաստանի համար նույնպես գերարդիական սահմանադրականության խնդիրը ընդգծելու և բարեփոխում հասկացությունը շահարկումների մոտ ու հեռու վտանգներից զերծ պահելու համար:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































