Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն այսօր հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինի հետ: Հանդիպումն անցել է դռնփակ, որից հետո կողմերը հայտարարություն են արել մամուլի համար:
Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիան Վրաստանին աջակցում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում, և որ այդ աջակցությունը շարունակվելու է նաև հետագայում. «Թուրքիան մշտապես եղել է Վրաստանի մեծ բարեկամը և օգնել է նրան բանակի զարգացման հարցում:
Թուրքիան մշտապես աջակցել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և նրա բանակին աջակցել է թե՛ տեխնիկական, թե՛ կրթական առումներով: Թուրքիան մշտապես պատրաստ է օգնել Վրաստանին բանակի զարգացման ու սպառազինման հարցում: Աֆղանստանում Թուրքիայի պատասխանատվության գոտում գտնվում են վրացի զինծառայողներ:
Մենք քննարկել են Աֆղանստանում մեր գործողությունների կոորդինացման հարցը՝ կապված վրացի զինծառայողների ռազմական ուսուցման հետ: Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի ձգտմանը և այդ ճանապարհին նրան ցուցաբերում է ամեն տիպի օգնություն»:







































