Եվրամիության կողմից Կիպրոսին հատկացվելիք ֆինանսական օգնության ծավալը կհասնի 15 միլիարդ եվրոյի: Նման գնահատականով է հանդես եկել միջազգային վարկանիշային Standard & Poor’s գործակալությունը: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը:
Ֆինանսական օգնության փաթեթը նախատեսված է Կիպրոսի բանկերի վերակապիտալիզացիայի և առաջիկա 3 տարում պարտքային պարտավորությունների վերաֆինանսավորման համար:
Հունիսի վերջին Կիպրոսի Հանրապետությունը ֆինանսական օգնության խնդրանքով դիմել էր Եվրախմբին` երկրի բանկերի վերականգնման ժամկետի մոտալուտ ավարտի պատճառով: Բանկերը հսկայական վնաս էին կրել հունական պետպարտատոմսերի 76 տոկոսի դուրսգրման հետևանքով: Այսպիսով` Կիպրոսը դարձավ ԵՄ-ի օգնությանը դիմած Եվրախմբի 5-րդ երկիրը` Հունաստանից, Պորտուգալիայից, Իռլանդիայից և Իսպանիայից հետո:
Նիկոսիան 2011-ի մայիսից զրկված է միջազգային հարկային շուկա մուտքից, քանի որ երեք խոշորագույն վարկանիշային գործակալությունները երկրի վարկային վարկանիշը իջեցրել են և հասցրել մինչև «աղբային» մակարդակի: Այդ իսկ պատճառով երկիրը ի զորու չէ ինքնուրույն լուծել իր ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել են կիպրական բանկային ոլորտի` Հունաստանի ֆինանսական շուկայից ծայրաստիճան կախվածության պատճառով:
Standard & Poor’s գործակալության տվյալներով` մինչև 2014 թվականը Կիպրոսին անհրաժեշտ է 11 միլիարդ եվրո` ծածկելու համար ֆինանսական ճեղքերը, որոնք կազմում են ՀՆԱ-ի 61 տոկոսը: Վերլուծաբանների կարծիքով` ևս 6,59 միլիարդ դոլար է անհրաժեշտ բյուջետային այլ ծախսերի համար:







































