Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնը:
Տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց նախատոնակի արարողություն: Արարողությանը հաջորդեց անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Այնուհետև Մայր Տաճարի Իջման խորանից վառված մոմով Ս. Տրդատի բաց խորանի հարևանությամբ վառվեց մեծ խարույկը` իբրև Քրիստոսին խորհրդանշող լույս: Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան շարականների և ազգային երգերի կատարումներով, արարողությանը ներկա հավատացյալները խարույկից վառված մոմեր տարան իրենց օջախները:
Փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին: Նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս օրը հռչակված է նաև նորապսակների օրհնության օր` Հայր Սուրբն անդրադարձավ նաև ընտանեկան արժեքների պահպանման անհրաժեշտությանը: «Հայոց ընտանիքը դարերի ընթացքում միշտ դարձել է հայ ժողովրդի գոյատևման և ազգային-հոգևոր արժեքների պահպանման ամուր և անխորտակելի միջնաբերդը: Հայ ընտանիքն իր արժեքային սկզբունքներով և ավանդույթներով մշտապես շարունակականություն է փոխանցել հայ ժողովրդին` դառնալով Երկնքի Արքայության այն փոքրիկ մանրակերտը, որի մեջ այր և կին իրենց առողջ սիրո հարաբերությամբ պետք է երջանկանային և այդ մթնոլորտի մեջ ծնեին իրենց սիրո պտուղին և պիտի դաստիարակեին առողջ հոգով և առողջ մարմնով»:
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ:









































