Հանրահայտ կինոաստղ Չարլի Շինը 1 մլն դոլար է նվիրաբերել ԱՄՆ զինվորական բարեգործական հիմնադրամին: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը և հավելում, որ դերասանը խոստացել է ավելին նվիրաբերել, եթե նրա նոր հեռուստատեսային «Զայրույթի կառավարում» շոուն հիթ դառնա:
Գումարը, որը նոր կատակերգական շոուից Շինի ստացած շահույթի մեկ տոկոսն է, կուղարկվի United Services Organisation-ի հոգածության ծրագրին, որն օգնում է վիրավոր և հիվանդ զինվորներին և նրանց ընտանիքներին:
«Ինձ համար մեծ պատիվ է օգնության ձեռք մեկնել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են ամեն օր վտանգում մեզ համար: Ուրախ եմ, որ իմ շոուի միջոցով կարող եմ փոքր-ինչ օգնել նրանց»,- ասել է դերասանը:
USO բարեգործական խումբը, որը ԱՄՆ 27 նահանգներում և 14 երկրներում տարատեսակ ծառայություններ է առաջարկում ամերիկացի զինվորներին և նրանց ընտանիքներին, հայտարարել է, որ մեծապես գնահատում է Շինի օգնությունը:
Նախատեսված գումարի մի մասը՝ 250 հազար դոլարի չափով, Շինը կտրամադրի արդեն այս շաբաթվա վերջին:











































