Արաբական պետությունների լիգան երեքշաբթի Կահիրեի գրասենյակում կուսումնասիրի 2004 թ. Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆաթի մահվան հանգամանքների մասին վերջին տվյալները: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նիստը կանցկացվի մշտական ներկայացուցիչների մակարդակով:
Հանդիպումը տեղի կունենա Թունիսի և Պաղեստինի ազգային վարչակազմի նախաձեռնությամբ՝ կապված վերջերս առաջ քաշված այն վարկածի հետ, որ Արաֆաթը թունավորվել է: Թունիսն արդեն պահանջել է կազմել միջազգային հանձնաժողով՝ Արաֆաթի մահվան հանգամանքները պարզելու համար:
Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասն արդեն կարգադրություն է տվել հանել նախկին առաջնորդի աճյունը: Ավելի վաղ բժիշկները Արաֆաթի անձնական իրերի վրա հայտնաբերել էին մեծ քանակությամբ պոլոնիում-210, որը կարող էր դառնալ 75-ամյա քաղաքական գործչի մահվան պատճառը:
Բժիշկները պետք է նաև փորձաքննության ենթարկեն Արաֆաթի ոսկորները և նրա գերեզմանի հողը: Եթե դրանցում նույնպես հայտնաբերվի պոլոնիում, ապա վստահությամբ հնարավոր կլինի ասել, որ նրան թունավորել են:









































