Գյումրիում տնակներում ապրող, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև նրանց ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը բաժանելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են այցելելություններ կատարել տնակային ավաններ:
Գերցենի փողոցի կիսախարխուլ տնակներից մեկում 5 անչափահաս երեխաների հետ ապրող 33-ամյա Ստելա Մկրտչյանը մեր այցելության պահին տանը չէր: Նա իր ընտանիքի գոյությունը պահելու նպատակով աշխատում է Շիրակի մարզի գյուղերից մեկի դաշտերում: Երեխաներից փոքրին` երկուսուկես տարեկան Էլենային, խնամում էր հարևանությամբ ապրող մայրը, իսկ մյուս երեխաները փոքր տնակում սուսուփուս խաղում էին:
Առաջին իսկ հայացքից երևում էր, որ ընտանիքը և հատկապես երեխաները պարզապես գտնվում են աղքատության ճիրաններում:









































