2010 թվականի հունիսի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն իր արտահերթ նիստում հաստատեց Ադրբեջանի ռազմական դոկտրինը, որը մշակվել էր 2007 թվականին ընդունված՝ երկրի ազգային անվտանգության հայեցակարգին համապատասխան: Փաստաթղթի օգտին քվեարկել է 110 պատգամավոր, դեմ` 2-ը, իսկ 1 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել:
Փաստաթուղթը բաղկացած է 7 հիմնական դրույթից ու 75 կետից: Առաջին դրույթում առկա է ընդհանուր տեղեկատվություն ռազմական դոկտրին հասկացության, նրա նշանակության ու օրենսդիր բազայի մասին, հստակեցվում են անվտանգության ապահովման նպատակները, համակարգն ու ուղղությունը: Երկրորդ դրույթում խոսք է գնում գլոբալ անվտանգության ու երկրի ազգային անվտանգության մասին: Այստեղ Ադրբեջանի ազգային անվտանգության վրա բացասաբար ազդող հիմնական գործոնների թվում նշված են «ադրբեջանական տարածքների օկուպացման» շարունակումը և դրանցում հայկական կողմի «ավերիչ» գործունեությունը:
Երրորդ դրույթն առնչվում է երկրի ռազմական անվտանգության արտաքին ու ներքին սպառնալիքներին: Արտաքին սպառնալիքների թվում նշված են Ադրբեջանի տարածքի հայկական «օկուպացիան», Ադրբեջանի ներքին գործերին արտաքին ռազմական միջամտությունը, հարևան երկրների հավակնություններն Ադրբեջանին, Ադրբեջանի տարածքում ահաբեկիչների պատրաստումն ու ապօրինի զինված խմբերի ստեղծումը, հարևան երկրներում տարածաշրջանային ու միջպետական հակամարտություններն ու ռազմա-քաղաքական անկայունության այլ ձևերը, Ադրբեջանի պետական սահմանների ու տարծքային ջրերի մոտակայքում բազաների տեղակայումը, զինված խմբավորումների կողմից պետական սահմանի խախտումը:
Ներքին սպառնալիքների թվում ընդգրկվել են ներքին կայունությունն և տարածքային ամբողջականության խաթարմանն ուղղված ահաբեկիչների, կրոնական ծայրահեղականների ու անջատողական խմբավորումների գործունեությունը, սահմանադրության խախտումը, իշխանական և կառավարական մարմինների կառույցների փլուզումը, ապօրինի հանցավոր խմբավորումների ձևավորումը, զենքի ապօրինի կրումն ու շրջանառությունը, կազմակերպված հանցավորությունը, ռազմական նշանակության պետական, հաղորդակցային ու տեղեկատվական օբյեկտների վրա զինված հարձակումները:
Չորրորդ դրույթը վերաբերում է Ադրբեջանի պաշտպանական քաղաքականությանը, իսկ հինգերորդը` երկրի ռազմական անվտանգության ռազմական-ռազմավարական հիմքերին: Վեցերորդ դրույթում խոսք է գնում զինված ուժերի ու այլ զորամիավորումների պարտականությունների մասին` չբացառելով, որ անհրաժեշտության դեպքում կարող է ուժ կիրառվել Հայաստանի հետ ունեցած հակամարտության կարգավորման համար՝ չնայած Ադրբեջանի Սահմանադրության 9-րդ հոդվածում նշված է, որ Ադրբեջանը չի ընդունում պատերազմը՝ որպես այլ անկախ երկրների նկատմամբ ոտնձգության ու միջազգային հակամարտությունների կարգավորման միջոց: 7-րդ դրույթում էլ ամփոփվել են արդյունքները:
Ադրբեջանի ռազմական դոկտրինն արգելում է երկրի տարածքում օտար ռազմաբազաների ներկայությունը, սակայն նշված է, որ Ադրբեջանը կարող է իրեն իրավունք վերապահել երկրում թույլ տալ օտար ռազմական ժամանակավոր ներկայություն, եթե դա են պահանջում երկրի ազգային շահերը:
Ռազմական դոկտրինի քվեարկության օրը խորհրդարանում ուշագրավ քննարկումներ ծավալվեցին: Մասնավորապես, պատգամավոր Զահիդ Օրուջը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ փաստաթղթում նշված չէ որևէ դաշնակից երկրի անուն, և լավ կլիներ, եթե Թուրքիան նշվեր որպես ռազմա-քաղաքական և անվտանգության ոլորտում Ադրբեջանի դաշնակից: Սակայն ի պատասխան` խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովը հայտարարեց, թե Ադրբեջանը չի հանդիսանում որևէ ռազմական բլոկի մասնակից, և եթե Թուրքիան նշվեր որպես Ադրբեջանի դաշնակից, ապա դրանով իսկ Ադրբեջանը կխախտեր իր վարած քաղաքականությունը:
Պատգամավոր Այդըն Միրզազադեն իր հերթին նկատեց, որ Ադրբեջանը չի կարող համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, քանի որ նրա անդամ է հանդիսանում Հայաստանը: Պատգամավոր Փանախ Հուսեինն էլ փաստաթուղթը որակեց որպես «վերացական»` զարմանք հայտնելով, որ ռազմական դոկտրինի քննարկմանը չեն մասնակցում զինվորականները, և որ խորհրդարանի դահլիճում ներկա չէ պաշտպանության նախարարը:
Ադրբեջանի ռազմական դոկտրինի մասին իրենց կարծիքն են հայտնել այդ երկրի և օտար փորձագետները:
Ադրբեջանցի անկախ փորձագետ Սուլհադդին Ակպերը քննադատաբար է մոտենում Ադրբեջանի ռազմական դոկտրինին. «Դժբախտաբար, փաստաթղթում ոչինչ չի ասվում Ադրբեջանի եվրաատլանտյան ընտրության մասին` թեև 2007 թվականին ընդունված Ազգային անվտանգության հայեցակարգում նշված էր, որ եվրաատլանտյան տիրույթին ինտեգրվելը հանդիսանում է երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Դա հետքայլ է»:
ԱՄՆ Ռազմավարական հետազոտությունների ու վերլուծությունների կենտրոնի փորձագետները կարծում են, որ Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը դեռ չի կատարել իր ռազմավարական ընտրությունը, և այդ հարցում նրա ունեցած տատանումներն արտացոլված են նաև նրա ռազմական դոկտրինում.
«Ադրբեջանի ռազմական դոկտրինն ընդունվել է՝ առանց հասարակական ու խորհրդարանական որևէ քննարկման: Պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանը չունի ռազմա-քաղաքական դաշնակիցներ և ընդգրկված չէ որևէ ռազմական բլոկում: Բացի այդ, Ադրբեջանն ունի թույլ, չզարգացած ռազմավարական ու ռազմական պոտենցիալ, որն ի վիճակի չէ կարգավորել ռազմական անվտանգության խնդիրները: Տվյալ ոլորտում Ադրրբեջանի վարած քաղաքականությունն ակնհայտորեն վկայում է, որ այն չի համապատասխանում ռազմական դոկտրինի դրույթներին:
Այդպիսի իրավիճակը հնարավորություն չի տալիս հավասարակշռել պետությունների տարածաշրջանային ռազմավարական և ռազմական-ռազմավարական շահերը, ինչն էլ իր հերթին հնարավորություն չի տալիս ստեղծել նախադրյալներ` հակամարտությունների կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանի անվտանգության միջավայրի բարելավման համար: Ադրբեջանի ռազմավարական տատանումներն իրենց կնիքն են դնում նաև նրա զարգացման ժողովրդավարական ուղու ընտրության վրա:
Այդ տատանումները, մի կողմից, հնարավորություն չեն տալիս ստանալ բավականաչափ ռազմավարական պոտենցիալ, իսկ մյուս կողմից էլ՝ ոչ միայն ի ցույց են դնում բոլոր ուղղություններով քաղաքականության ճկուն չլինելը, այլև ձևավորում են բնական և պոտենցիալ դաշնակիցների հետ հարաբերությունների զարգացման անառողջ միջավայր: Այդ իրավիճակը, բնականաբար, չի նպաստում տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրագրմանը»:
Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական ու ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանյուկի կարծիքով` Ադրբեջանի ռազմական դոկտրինն ընդհանրապես էթիկական չէ. «Մասնավորապես, Ադրբեջանը որպես գլխավոր սպառնալիք է դիտարկում Հայաստանը: Երկրորդ սպառնալիքը Ռուսաստանն է, ինչը կատարելապես ճիշտ չէ: Ադրբեջանի սպառնալիքների համատեքստում կարելի է հիշատակել նավթի գործոնն ու Իրանը և հատկապես վերջինիս դիրքորոշումը Ադրբեջանի և Իսրայելի կապերի հանդեպ»:
Ռուսաստանի Քաղաքական նորությունների գործակալության գլխավոր խմբագիր Կոնստանտին Կռիլովը կարծում է, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինը կարող է ծառայել որպես Հայաստանի նկատմամբ դիվանագիտական ու լրատվական ճնշման զենք. «Այսօրվա Ադրբեջանը լրիվ այլ երկիր է` համեմատած 1993 թվականի հետ, և նա ցանկանում է ռևանշի հասնել: Սակայն վերջին տարիներին Ադրբեջանի ունեցած բոլոր նվաճումները կարող են «ջուրն ընկնել», եթե նա դիմի ռազմական գործողությունների` անկախ դրանց վերջնական ելքից: Այն գինը, որը Ադրբեջանը ստիպված կլինի վճարել ռազմական հաղթանակի համար, անընդունելի բարձր է»:
Ադրբեջանական «Ատլաս» Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն կարծում է, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինն ի ցույց է դնում ռազմա-քաղաքական իրավիճակի բարդությունը. «Ադրբեջանի ռազմական դոկտրինի վերլուծությունը վկայում է, որ երկիրը գտնվում է գեոռազմավարական ծանր իրավիճակի մասին` շրջապատված լինելով թշնամական երկրներով. «Ռազմական դոկտրինում խոսք է գնում տարածաշրջանի բազաների մասին, սակայն ոչինչ նշված չէ այն մասին, թե ում են պատկանում դրանք: Նշված չեն նաև այն պետությունները, որոնք աջակցում են տարածաշրջանային անջատողականությանը:
Փաստաթղթում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը որակված է որպես Ադրբեջանի քաղաքականության կարևոր տարր, սակայն իրականում Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները չեն զարգանում` չնայած Ռուսաստանի և Իրանի ռազմական հզորության մշտական աճին: Ադրբեջանն իրեն ընդգրկել է չեզոք երկրների թվում, որոնք չեն հանդիսանում որևէ ռազմական դաշինքի անդամ:
Սակայն Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի ռազմական օբյեկտի` Գաբալային ռադիոտեղորոշիչ կայանի առկայությունը հակասում է չեզոք պետության հայեցակարգին: Այդ օբյեկտը վնասում է Ադրբեջանի քաղաքականությանը: Ադրբեջանի ռազմական դոկտրինն ընդունվել է 2010 թվականին` թեև 2007 թվականին նախագահը կարգադրել էր այդ փաստաթուղթը մշակել և ընդունել երեք ամսվա ընթացքում: Այդ փաստը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն ռազմա-քաղաքական իրավիճակի բարդությունը, որում գտնվում է Ադրբեջանը»:
Ադրբեջանական «Դոկտրինա» ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին իր զարմանքն է հայտնում այն կապակցությամբ, որ ռազմական որևէ դաշինքին անդամակցել չձգտող Ադրբեջանը, դրա հետ մեկտեղ, չի շտապում բարեփոխումներ կատարել. «Ադրբեջանի ռազմական ծախսերը քիչ արդյունավետ են, իսկ բարեփոխումներն արհեստականորեն ձգձգվում են:
2012 թվականին Ադրբեջանում ռազմական ծախսերին հատկացվել է 3.4 միլիարդ դոլար: Սակայն շատ ավելի լավ կլիներ, եթե այդ միջոցներն ուղղված լինեին ոչ թե 150,000-անոց կոնտինգենտի պահպանմանն ու հնացած տեխնիկայի կասկածելի գնումներին, այլ տեխնոլոգիական արդիականացմանը և ռազմական կադրերի ու ռեզերվիստների ուսուցմանը:
Ադրբեջանը դեռևս 2005 թվականին պետք է վերացներ ռազմական կոմիսարիատների ինստիտուտը, սակայն դա տեղի ունեցավ միայն վերջին շրջանում: Ադրբեջանում ցայժմ պաշտպանության նախարարը զինվորական մարդ է, ընդունված չէ այլընտրանքային զինծառայության մասին օրենքը, դրույթներ չկան ռեզերվիստների պահպանման ու նախապատրաստման մասին»:
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Իլդրիմ Մամեդովն էլ կարծում է, որ Հայաստանի ռազմական դոկտրինը, ի տարբերություն Ադրբեջանի ռազմական դոկտրինի, մանրակրկիտ մշակված փաստաթուղթ է. «Հայաստանի ռազմական դոկտրինում հստակ ներկայացված են այդ երկրի նպատակները, բարեկամներն ու թշնամիները, ինչպես նաև այն, թե ռազմական որ կազմակերպություններում սեփական ներկայությունն է այդ երկիրը տեսնում իր կայուն ապագայի ապահովման գրավական: Դժբախտաբար, այդպիսի նրբություններ մենք չենք տեսնում Ադրբեջանի ռազմական դոկտրինում»:









































