Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է Իրաքին գազի մատակարման գործընթացը սկսել հաջորդ տարվա վերջին, երբ ավարտված կլինի երկու երկրները միմյանց կապող գազատարի կառուցումը: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Ղասեմին:
Վերջինիս խոսքերով՝ բացի դեպի Պակիստան և Իրաք գազի արտահանման համաձայնագրերից, իրենք ստացել են նաև իրենց գազը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա արտահանելու թույլտվությունը:
Նախորդ տարվա ամռանը Իրանը, Իրաքը և Սիրիան ստորագրել էին այդ երեք երկրների տարածքով անցնելիք գազատարի կառուցման փոխըմբռնման հուշագիր: Այդ գազատարը ստացել է «Իսլամական գազ» անվանումը, դրա նախագիծը գնահատվում է մոտ 10 միլիարդ դոլար: Գազատարն ունենալու է 5600 կիլոմետր, օրական թողունակությունը կազմելու է 110 միլիոն խորանարդ մետր, որից 20-25 միլիոն խորանարդ մետրը գնելու է Սիրիան:
Ղասեմին հավելել է, որ Իրանը պլանավորել է մինչև 2015 թվականը կրկնապատկել գազի արդյունահանումը:









































