Հարավաֆրիկյան Հանրապետության ներքին գործերի նախարար Նկոսազանա Դլամինի-Զուման ընտրվել է Աֆրիկյան միության հանձնաժողովի առաջնորդ: Այս մասին տեղեկացնում է Reuters -ը: Դլամինի-Զուման դարձել է առաջին կինը, որը պետք է գլխավորի 54 անդամ պետություն ունեցող Աֆրիկյան միության հանձնաժողովը:
ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զումայի նախկին կնոջ մրցակիցն էր Աֆրիկան միության հանձնաժողովի գործող ղեկավար Ժան Պինգը` Գաբոնից: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2008-ից:
Agence France-Presse-ի փոխանցմամբ` Դլամինի-Զումայի և Պինգի միջև սուր պայքար է ընթացել: Ընտրվելու համար անհրաժեշտ ձայների կեսից ավելին Զումային հաջողվել է ստանալ միայն քվեարկության 4-րդ փուլում:
Դլամինա Զումայի ընտրությունը խախտել է չգրված օրենքը, ըստ որի` տարածաշրջանում առավել ազդեցիկ երկրները, որոնց թվում է ՀԱՀ-ը, չպետք է Աֆրիկյան միության ղեկավար մարմինների պաշտոնի համար թեկնածու առաջադրեն:
Մինչ քվեարկությունը Զուման հրապարակավ հայտարարել էր, որ իր հաղթանակը քաղաքական լարվածության աճի պատճառ չի դառնա: Նա վստահեցրել էր, որ արդյունավետ կերպով կաշխատի կազմակերպության բոլոր անդամ երկրների հետ` անկախ այն բանից, թե որ թեկնածուի օգտին են նրանք քվեարկել:
63-ամյա Նկոսազանա Դլամինա-Զուման նախարարների կաբինետի կազմում է եղել ՀԱՀ 3 նախագահների օրոք: 1994-99թթ. նա գլխավորել է առողջապահության նախարարությունը, 1999-2009 թթ. զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը, իսկ 2009-ի մայիսից մինչ օրս եղել է ներքին գործերի նախարարը:









































