Ամերիկյան հայտնի երգիչ էնդի Ուիլյամսը դուրս է գրվել Լոս Անջելեսի հիվանդանոցից և տեղափոխվել է տուն, քանի որ բժիշկները հայտարարել են, որ այլևս անզոր են նրան օգնել քաղցկեղի դեմ պայքարում: Այս մասին այսօր հայտարարել է «Sunday express լոնդոնյան թերթը:
Ուիլյամսը չի թաքցրել իր հիվանդության փաստը և անցած տարվա աշնանն իր երկրպագուներին տեղեկացրել էր այն մասին, որ նա միզապարկի քաղցկեղ ունի: Այդ օրվանից ի վեր ԱՄՆ-ի բնակչությունը անհանգստությամբ հետևում է 84-ամյա «սրտերի արքայի» առողջական վիճակին, ում ձայնը նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր ժամանակին անվանել էր «Ամերիկայի ազգային հարստություն»: Իմանալով իր հիանդանության մասին՝ նա Հյուսթոնում՝ Անդերսոնի օնկոլոգիական կենտրոնում, ինտենսիվ բուժում է ստացել: Սակայն վերջին օրերին երգչի առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Ցավոք սրտի, վիրաբուժական կաղապարը, որը գտնվում է նրա միզապարկում, վարակված է: Էնդի Ուիլյամսն անընդհատ ցավեր է զգում և քիմիաթերապիայի ու ճառագայթման ազդեցության հետևանքով զրկվել է մազերից: Բժիշկներն այլևս ոչինչ չեն կարող անել նրա համար»,- հաղրդում է Sunday express-ը:
Ուիլյամսի ընտանիքի ընկերներից մեկը հայտնել է «Նրա երեխաները չափազանց տխուր են՝ տեսնելով, թե ինչպես է տանջվում իրենց հայրը: Սակայն Ուիլյամսն ասել է, որ նրանք չսգան և իր մահից հետո իր մասին հիշողությունները կապեն երաժշտության հետ, որը նա այնքան սիրում է»,- հաղորդում է բրիտանական թերթը:
Էնդի Ուիլյամսը կենդանի լեգենդ է և աշխարհի լավագույն վոկալիստներից մեկը: Նրան կարելի է անվանել 50-70 ական թվականների գլխավոր երաժշտական ռոմանտիկ: Նրա երգացանկի ամենահայտնի երգերից են “Love Story”-ն,”Moon River”-ը,”Speak Softly Love”-ը և այլն:











































