ՊԵԿ ուսումնական կենտրոնում այսօր ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ոլորտի պատասխանատուների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Խնդիր է դրվել, որ տնտեսվարող սուբյեկտին իր հարկային պարտավորությունների մասին անհարժեշտ է նոր մեխանիզմներով իրազեկել: Կոմիտեի ղեկավարի նախաձեռնությամբ աշխարհում ընդունված առաջավոր փորձով մեզ մոտ նույնպես ներդրվել է եռաստիճան ծանուցման համակարգ: Վերլուծական կարողությունների զարգացման շնորհիվ առանց հարկատուների գործունեությանն ուղղակիորեն և անհարկի միջամտելու, նախ ուսումնասիրվում են կոնկրետ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների տնտեսական ցուցանիշները, խախտումներ արձանագրելու դեպքում` արդեն գրավոր տեղեկացվելու է իրենց շրջանառությունների և վճարվելիք հարկերի մասին:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով, առաջին ծանուցման միջոցով հարկ վճարողին ավելի մեղմ է հիշեցվում հարկային պարտավորությունների մասին, երկրորդ դեպքում տեղեկացվում է, որ վերջինս դեռ չի կատարել սրբագրումներ, երրորդ անգամ արդեն հիշեցվում է պատասխանատվության միջոցների անխուսափելիության մասին, և եթե դա էլ չի օգնում` հետո նոր կիրառության մեջ են մտնում վարչարարական միջոցառումները: «Եռաստիճան ծանուցման համակարգի ներդրմամբ և զարգացմամբ հասցեական մոտեցում կկիրառվի յուրաքանչյուրի նկատմամբ: Ծանուցման մեջ, օրինակ, նշվելու է, որ «մեր տեղեկություններով՝ շրջանառության ծավալները պետք է ավելի մեծ լինեին, ուստի խնդրում ենք ինքնուրույն վերանայել Ձեր հայտարարագրած շրջաանառության ծավալները և ըստ այդմ վճարման ենթակա հարկերի մեծությունը: Դրանով իսկ Դուք կխուսափեք Ձեր նկատմամբ պատասխաանատվության միջոցների կիրառումից»: Այսպիսի մոտեցմամբ բիզնեսը կխրախուսվի` ինքնուրույն վճարել հարկերը, միաժամանակ գիտակցելով. եթե չկատարեն իրենց հարկային պարտավորությունները` կհայտնվեն ռիսկային կազմակերպությունների ցանկում` մշտապես գտնվելով ՊԵԿ տեսադաշտում»,- ընդգծել է Արմեն Ալավերդյանը:
Ի դեպ, այդպիսի մարտավարության արդյունավետությունն արդեն իսկ ապացուցվել է գործնականում` խոշոր հարկ վճարողների տեսչությունում, ինչի արդյուքնում տնտեսվարող սուբյեկտների մոտ վերանայվել են աշխատողների քանակը. խոշոր բիզնեսը սկսել է հստակ տվյալներ ներկայացնել:
2012 թվականի առաջին կիսամյակում` նախորդ տարվա համեմատ զգալի նվազել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը: ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության տվյալներով 2012թ. հունվար-հունիս ամիսներին հրապարակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման 648 հանձնարարագիր, որը կազմում է ստուգումների կիսամյակային ծրագրի շուրջ 54.4 տոկոսը: 2012թ. առաջին կիսմայակում իրականցվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում 363, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 334-ով կամ 52 տոկոսով, իսկ ստուգումներով արձանագրված գումարն աճել է 673մլն դրամով կամ 91 տոկոսով: Մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարը 2012թ. առաջին կիսամյակում կազմել է 21մլն 199 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 մլն 429 հազար դրամով կամ 367.4 տոկոսով: Իսկ ՀԴՄ, ելակետային տվյալների, չգրանցված աշխատողների և մնացած մասնակի ստուգումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2139-ով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ համակարգում վերլուծական կարողությունների զարգացմամբ ոչ միայն ստուգումներն իրականացվում են ըստ ռիսկայնության աստիճանի, այլև հնարավորութուն է ընձեռվում հենց տեղում` հարկային տեսչություններում վերանայել կամայականությունները, արդյունքում ստեղծվում է կենտրոնացված համակարգ, որը հսկողություն է սահմանում կոմիտեի ամբողջ գործունեության նկատմամբ:









































