Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում այսօր կայացած «Լավագույն մարզական ընտանիք-2012» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին Սերժ Սարգսյանի հետ մեկտեղ ներկա է գտնվել նաև ԲՀԿ նախգահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2012» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները:
Եզրափակիչ փուլին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Իններորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի ևս անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում:
Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի հաղթողներին՝ ուրախությամբ փաստելով, որ մրցույթը տարեցտարի ավելի մասսայական է դառնում:







































