Սիրիայի Հոմս մարզում այսօր տեղի ունեցած բախումներում զոհվել է առնվազն 5 մարդ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, նրանց թվում կա հղի կին և երկու ապստամբ: Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով՝ Դարաա մարզում կառավարական զորքերը գրոհ են իրականացրել ուղղաթիռների և զրահամեքենաների ուղեկցությամբ:
Իսկ երեկ իրավապաշտպանները հաղորդում էին, որ Սիրիայում առնվազն 118 մարդ է զոհվել, նրանցից 49-ը՝ խաղաղ բնակիչներ, 22-ը՝ երեխաներ: Մի շարք քաղաքներում կառավարական ուժերերը կրակ են բացել հակակառավարական ցույցի մասնակիցների դեմ:
Ավելի վաղ Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Ռոբերտ Մուդն ասել էր, որ Սիրիայի իշխանություններն արհամարհում են դիտորդների պահանջները՝ թույլ տալ իրենց մուտք գործել Թրեյմսե քաղաք, որտեղ հինգշաբթի սպանվել էր շուրջ 150 խաղաղ բնակիչ:











































